Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է կարեւորագույն մարտահրավեր մնալ Հայաստանի Հանրապետության եւ ընդհանրապես մեր տարածաշրջանի համար: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստին:
<Ինչպես ցանկացած ժողովրդավարական կառավարություն, Հայաստանի կառավարությունը նվիրված է հարցի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին: Բայց մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները նոր երանգներ են բերել նաեւ հարցի կարգավորման մեր պատկերացումների մեջ:
Իհարկե, չափազանց կարեւոր է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մենք կարողացել ենք բավական կառուցողական եւ դրական երկխոսություն սկսել, բայց համոզված եմ, որ միայն ղեկավարների միջեւ երկխոսությունը բավարար չէ հարցը կարգավորելու համար: Շատ կարեւոր է, որ երկխոսություն մեկնարկի նաեւ հանրությունների միջեւ, որ մենք մեր հանրություններին պատրաստենք խաղաղության եւ ոչ թե պատերազմի:
Վերջես Երեւանում տեղի ունեցած ասուլիսում ես հայտարարեցի, որ նման երկխոսության կարեւորագույն հարթակ կարող են լինել սոցիալական ցանցերը, ուր հայերն ու ադրբեջանցիները, ցավոք, առայժմ շփվում են հայհոյանքների եւ ատելության լեզվով:
Հակամարտության երեսուն տարիների ընթացքում մենք կարծես պիտի սպառած լինեինք ատելության ու հայհոյանքի բառերը եւ պիտի իրար օգնեին հասկանալ միմյանց դիրքորոշումները, պիտի փորձեինք գտնել այն պատճառները, որոնք մեզ թույլ չեն տալիս լինել իրար հասկանալի:
Նման խոսակցություն սկսել եմ ես ինքս` անձամբ, մի քանի անգամ Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հայտարարելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման որեւէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար:
Սա մեր իրականության մեջ աննախադեպ հայտարարություն է եւ ըստ էության, այն բանաձեւն է, որ հնարավորություն կտա հասնել Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը: Ցավոք՝ մենք համանման խոսքեր առայժմ չենք լսում Ադրբեջանից, եւ ես հույս ունեմ, որ խաղաղության այս ամբիոնից հղված ուղերձը ադրբեջանական հանրության շրջանում կստանա համարժեք արձագանք:
Պատահական չէ, որ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի այս ամբիոնը ես անվանեցի խաղաղության ամբիոն: Հավատում եմ, որ սա այն տեղն է, որտեղ հայհոյանքը պետք է փոխարինվի երկխոսությամբ, սադրանքը պետք է փոխարինվի կառուցողական աշխատանքով: Բայց, ցավոք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնը երբեմն օգտագործվում է նաեւ պատերազմներ հրահրելու համար:
Այս առումով չեմ կարող չնկատել, որ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ առնչվող այն քննարկումները, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցան 2016 թվականի հունվարին, նույն թվականի ապրիլին բռնկված Չորսօրյա պատերազմի նախերգանքը դարձան եւ բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակողական գործողություններ սկսելու համար:
Չեմ ուզում վստահորեն պնդել, որ գիտակցաբար, բայց, այնուամենայնիվ, այդ քննարկումների եւ փաստաթղթերի հեղինակները պատերազմի հրձիգ դարձան, որը մի քանի հարյուր կյանքեր արժեցավ թե’ Հայաստանի, թե’ Լեռնային Ղարաբաղի, թե’ Ադրբեջանի համար:
Այսօր էլ ցավոք՝ ինչպես միջազգային այլ հարթակներում, այնպես էլ ԵԽԽՎ-ում մենք տեսնում ենք այդ կառույցներն աշխարհաքաղաքական խաղերի, կոնֆլիկտների մեջ ներքաշելու, հակամարտության կողմ դարձնելու փորձեր, ինչը բացարձակապես հակառակ է այդ կազմակերպությունների էությանն ու առաքելությանը:
Հարկ է հիշել նաեւ, որ կոնֆլիկտները պետք է դիտարկել ամեն մեկն իր էության եւ բովանդակության մեջ, եւ որեւէ կոնֆլիկտի մասին դատողություններ անել առանց դրա ծագումը, պատճառները, էությունն ու առանձնահատկությունները հասկանալու, նշանակում է պարզապես խաղալ մարդկային կյանքերի եւ մարդկային ճակատագրերի հետ:
Այս է պատճառը, որ մենք համարել եւ համարում ենք, որ Լեղնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով պիտի զբաղվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հակամարտության երեք կողմերի հետ, որովհետեւ միայն այս ֆորմատում է, որ տիրապետում են ոչ միայն հարցի այսօրվա վիճակին, այլեւ ողջ պատմությանը, բանակցային նրբություններին դրանց մեկնարկի օրից:
Հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատն է, որ հիմնադրվել է հակամարտության բոլոր կողմերի՝ Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի երկխոսության հարթակ ձեւավորելու համար, եւ մենք այսօր միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում վերականգնվի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ>,- ասել է նա: