Արմինֆո. Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը ողջունել է Իտալիայի Պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունումը:
ՙՈղջունում ենք ապրիլի 10-ին Իտալիայի պատգամավորների պալատի կողմից 382 կողմ, 43 ձեռնպահ, 0 դեմ ձայներով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունումը։ Շնորհակալություն ենք հայտնում Պատգամավորների պալատում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին Նախաձեռնությանը սատարելու համար։ Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Նախաձեռնության հեղինակ իշխող ՙԼեգա՚ կուսակցության անդամ, պատգամավոր Պաոլո Ֆորմենտինիին և 34 համահեղինակներին, ինչպես նաև իրենց ելույթներով Նախաձեռնությունը սատարող բոլոր խորհրդարանականներին։ Պատգամավորների պալատը, հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ընդգծեց, որ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվածը հենց ցեղասպանություն է, և կոչ արեց Իտալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրան միջազգային հնչեղություն հաղորդել։ Այս քայլով իտալական կողմը վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին՝ իր ներդրումն ունենալով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ճանապարհին՚, - ամփոփել է դիվանագետը։
Հավելենք, որ Իտալիայի խորհրդարանն առաջին անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2000 թվականին, բացի այդ, Իտալիայի առանձին գավառներ տարբեր տարիների ընդունել են համապատասխան բանաձևեր: