Արմինֆո. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է 2018թ. իր պաշտոնավարման 9 ամիսներն ամփոփող զեկույց, որում տեղ են գտել մարդու իրավունքներին առնչվող այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կանանց, փախստականների և ապաստան փնտրողների, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, իրավապաշտպանների և լրագրողների իրավունքները, ինչպես նաև LGBTI անձանց պաշտպանությանը վերաբերող հարցեր:
Մարդու իրավունքների հանձնակատարն իր ամփոփիչ զեկույցում կոչ է արել Հայաստանի իշխանություններին ապահովել կանանց լիարժեք և արդյունավետ ներկայացվածություն հանրային որոշումների կայացման գործում՝ հատկապես բարձր և տեղական մակարդակներում, ինչպես նաև ապահովել հավասար հասանելիություն և հավասար աշխատավարձեր աշխատաշուկայում:
Անդրադառնալով երեխաների իրավունքներին՝ հանձնակատարը խորհուրդ է տվել Հայաստանին ակտիվացնել ջանքերը երեխաների աղքատության դեմ պայքարում և երաշխավորել բոլոր երեխաների համար համապատասխան կենսամակարդակ: Մասնավորապես, նա մտահոգություն է հայտնել պետական խնամակալություն իրականացնող այն հաստատությունների վերաբերյալ, որտեղ ապրում են սոցիալ-տնտեսական խնդիրների բախվող ծնողների երեխաները: Հանձնակատարը խրախուսել է Հայաստանի իշխանություններին բավարար աջակցություն ցուցաբերել այն ծնողներին, որոնք ցանկանում են վերսկսել իրենց երեխաների խնամքը, և զուգահեռաբար շարունակել խթանել որդեգիր խնամակալությունը՝ այդ թվում հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Միյատովիչը նաև խորհուրդ է տվել Հայաստանին բարելավել օրենսդրությունը սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասով՝ մասնավորապես վավերացնելով համապատասխան խնդիրներին անդրադարձող Եվրոպայի խորհրդի Լանսարոտեի կոնվենցիան:
Հայաստանում ծերերի սոցիալական պաշտպանության անբավարար մակարդակի վերաբերյալ հանձնակատարն առաջարկել է բարձրացնել ծերության թոշակները՝ ընդլայնելով տնային կամ համայնքի ներսում առողջական խնամքի հասանելիությունը և ավելացնելով գերիատրիկ խնամքի մասնագետների թիվը:
Դունյա Միյատովիչը կարևոր շեշտադրում է կատարել նաև LGBTI համայնքի ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության հարցում՝ խորհուրդ տալով իշխանություններին ընդունել պատշաճ համապարփակ հակախտրական օրենսդրություն: Նա նաև կոչ է արել կառավարությանը հապշտապ և վճռական քայլեր ձեռնարկել LGBTI անձանց նկատմամբ բռնության բոլոր դրսևորումների, ատելության խոսքի և ատելության վրա հիմնված հանցագործությունների դեմ: Խորհրդարանականներին էլ հանձնակատարը կոչ է արել միանշանակ կերպով մերժել ցանկացած օրենսդրական առաջարկ, որը կարող է խախտել LGBTI անձանց իրավունքները կամ տրամադրություններ սադրել նրանց դեմ:
Ինչ վերաբերում է անցյալում մարդու իրավունքների խախտումների հաշվետվողականությանը, եվրահանձնակատարը ողջունել է Հայաստանի իշխանությունների ձեռնարկված քայլերը 2008թ. մարտին տեղի ունեցած բռնության տասը զոհերի պատասխանատուներին գտնելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ գործընթացը պետք է լինի օրենքի գերակայության, դատական անկախության և քրեական անփութության մեջ մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը հարգելու պայմաններում:
Ամփոփելով՝ հանձնակատարը կոչ է արել բոլոր քաղաքական գործիչներին և կարծիք ձևավորողներին հատուկ ուշադրություն դարձնել և զերծ մնալ իրենց հանրային ելույթներում բևեռացման տանող, պիտակավորող կամ հրահրող բառապաշարից: