Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձև, որը մշակվել է Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների պատգամավորների կողմից։
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) եւ Ամերիկայի հայկական համագումարի (AAA) հաղորդագրությունների համաձայն, բանաձեւի հեղինակներն են կոնգրեսականներ Ադամ Շիֆը եւ Գուս Բիլիրակիսը: Բանաձևին, ըստ ԱՄՆ հայկական կազմակերպությունների հաղորդագրության, աջակցել են ևս 70 կոնգրեսականներ։
Շիֆը, ներկայացնելով բանաձևը, ընդգծել է, որ ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունն իրականացրեց հայերի ծրագրված կոտորած ու տեղահանություն, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ 1.5 մլն մարդու կյանք խլեց: ՙՑեղասպանությունը ոչ թե անցյալի մնացուկ է, այլ միշտ գոյություն ունեցող սպառնալիք ։ Դրա ժխտումը ոչ միայն շարունակում է վնաս հասցնել վերապրածներին, այլեւ ավելի հավանական է դարձնում դրա կրկնությունը։ Այդ կապակցությամբ առավել հրատապ է դառնում Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության պատմական փաստի ճանաչումը եւ այն բանի ցուցադրումը, որ մենք երբեք չենք դառնա ժխտողականության մեղսակից՚, - ընդգծել է Շիֆը:
Իր հերթին՝ կոնգրեսական Գուս Բիլիրակիսն ընդգծել է Հայոց ցեղասպանության ժխտման անընդունելիությունը: ՙՀայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը նոր համարձակ գլուխ կդառնա ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ։ Ժամանակն է, որ ԱՄՆ նոր վճռական վարչակազմը հանդես գա թուրքական ժխտողականության դեմ՚, - նշել է կոնգրեսականը։
Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձևը ենթադրում է ԱՄՆ-ի կողմից այդ պատմական փաստի պաշտոնական ճանաչում և դատապարտում, ինչպես նաև ցանկացած ցեղասպանության, այդ թվում ՝ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունից հրաժարում և Հայոց ցեղասպանության մասին հանրային իրազեկման մակարդակի բարձրացում, ինչն իր հերթին կնպաստի մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանը:
ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, մեկնաբանելով նոր բանաձեւի նախաձեռնումը, ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր դեմ են ցեղասպանությանը, ողջունում են այս օրինագիծը, որն ամրագրում է ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: