Արմինֆո. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին համոզված է, որ Հայաստանին լավ ժամանակներ են սպասվում:
ՙ2018 թվականի ապրիլից ի վեր այստեղ շատ բան է փոխվել։ Մեր երկու երկրներին միավորում են ընդհանուր ժողովրդավարական արժեքները, եւ այս պաշտոնում գտնվելու ընթացքում ես պատրաստ եմ աջակցել Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացմանը՚, - ասված Է Հայաստանում իր գործունեության մասին պատմող Թրեյսիի տեսահաշվետվությունում:
ԱՄՆ դիվանագետի համոզմամբ՝ բարենպաստ աշխարհագրական դիրքի շնորհիվ Հայաստանում ստեղծվել են բոլոր պայմանները գյուղատնտեսության զարգացման համար: ՙԱյս բնագավառը հոգեհարազատ է ինձ, քանի որ իմ ընտանիքը Օհայոյում զբաղվում է գյուղատնտեսությամբ, եւ ես գիտեմ, թե որքան կարեւոր է աջակցությունն այդ բնագավառում: Ուրախ եմ, որ հայ-ամերիկյան համագործակցության 25 տարիների ընթացքում գյուղատնտեսության ոլորտում փորձի փոխանակումը եղել է ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում՚, - նշել է նա։
Թրեյսին կարծում է, որ Հայաստանի եւս մեկ հաջող ուղղություն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որին փայլուն ապագա է սպասվում: Նրա խոսքով՝ շատ երիտասարդներ իրենց ստեղծարար մտածողությամբ նպաստում են Հայաստանի մրցունակության ամրապնդմանը ՏՏ համաշխարհային շուկայում։ ՙԵս կշարունակեմ ջանքեր գործադրել Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործարար եւ առեւտրային շփումների զարգացման համար՚, - ասել է ամերիկացի դիվանագետը:
Միևնույն ժամանակ, նա անդրադարձել է անվտանգության ոլորտին և հավաստիացրել, որ անվտանգության գործոնը կարևոր է յուրաքանչյուր պետության համար։ ՙԱյս հարցում ևս ամուր հարաբերություններ ունենք։ Այդ հարաբերությունների վառ վկայությունն է Հայաստանի պաշտպանական գերատեսչության և Կանզաս նահանգի միջև համագործակցության ծրագիրը։ Ես բարձր եմ գնահատում Հայաստանի ներգրավվածությունը Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղապահ գործողություններին, ինչպես նաեւ համագործակցությունը ՆԱՏՕ-ի եւ ՄԱԿ-ի հետ: Մենք մեր առօրյա կյանքում չպետք է ջանք չխնայենք խաղաղության ապահովման եւ հակամարտությունների կարգավորման համար՚, - նշել է Թրեյսին։
Վերջում նա հիացմունք է Արամ Խաչատրյանի ՙՍուսերով պար՚ ստեղծագործության առնչությամբ, որը դիտել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Նրա խոսքով՝ առաջին անգամ ինքն այդ ստեղծագործությունը լսել է մանուկ հասակում եւ մինչ օրս այն իր ամենասիրելի ստեղծագործություններից մեկն է: Այս համատեքստում նա կարեւորել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ մշակութային կապերի հետագա ամրապնդումը: ՙՀպարտ եմ, որ մենք աջակցում ենք Հայաստանի բազմադարյա հարուստ մշակութային ժառանգության պահպանմանը՚, - ամփոփել է դեսպանը:
Տեսահոլովակները հայերեն եւ անգլերեն լեզուներով կարելի է դիտել հետեւյալ հղումներով. https://www.youtube.com/watch?v=C52V95JpBWI&feature=youtu.be, https://www.youtube.com/watch?v=LmBQ5Z8HJkI&feature=youtu.be .