Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարությունում արձագանքել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ մինչև Երևան հասնելու ցանկությանը: Արմինֆո-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով Հասանովի հայտարարություններին, մասնավորապես ասել է.
<Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կովկասյան հյուրընկալության լավագույն ավանդույթներով պատրաստ է ընդունել Զաքիր Հասանովին Երևանում>: Ինչպես ավելի վաղ գրել էր Արմինֆոն, Ադրբեջանում արդեն մեկ շաբաթ է, ինչ փորձում են մարսել Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքերը <նոր պատերազմ՝ նոր տարածքներ> բանաձևի մասին, բայց դեռ ապարդյուն:
Այն բանից հետո, երբ երկու հայտարարություններով հանդես եկան Ադրբեջանի ԱԳՆ-ն և պաշտպանական գերատեսչությունը, այժմ արդեն պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն է հանդես է եկել ելույթով՝ խոստանալով հասնել մինչև Երևան:
Այսպես, Հասանովը սկզբում որոշել է խրատել Տոնոյանին ՝ վստահեցնելով, թե իբր զինվորականները չպետք է հրապարակով լեզվակռվի մեջ մտնեն։ Այնուհետև, մոռանալով մեկ րոպե առաջ ասվածը՝ փորձել է արդարացնել պաշտպանության նախարարի հայտարարություններն այն հանգամանքով, որ ինքը զինվորական մարդ չէ և պատկերացում չունի բանակի վիճակի մասին, որը գլխավորում է։ <Կարելի է ասել ամեն ինչ, բայց դու խոսքդ պահելու հնարավորություն պիտի ունենաս>,- ասել է նա, և առավել համոզիչ լինելու համար որոշել շոյել սեփական ինքնասիրությունը ՝ հերթական անգամ խոսելով Ադրբեջանի ռազմական և տնտեսական հզորության մասին:
<Նախագահ Իլհամ Ալիևը ճիշտ է նշել, որ հայկական բանակի ուժի մասին
միֆը կոտրվել է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելու պատճառով փլուզվում է Հայաստանի տնտեսությունը ։ Այսօր Հայաստանում դժգոհությունն աճում է, մարդիկ փողոց են դուրս գալիս ։ Ուրեմն, պետք է շեղել հանրության ուշադրությունը առկա խնդիրներից ՝ նման հայտարարություններ անելով։ Ուշադրություն դարձրեք, թե որտեղ նա դա ասել՝ Նյու Յորքում հայկական սփյուռքի հետ հանդիպմանը։ Նա գնացել է այնտեղ՝ փող խնդրելու>, - ասել է Հասանովը ։
Միևնույն ժամանակ նա հավաստիացրել է, թե իբր Հայաստանը և իր բանակը հարձակողական գործողությունների համար չունեն ոչ տնտեսական, ոչ էլ բավարար ռազմական հնարավորություններ ։<Երբ լսեցի նրա հայտարարությունը, ապա ասացի, ինչ լավ կլինի, եթե նրանք իրականում անցնեն հարձակման։ Այդ դեպքում ես կհանդիպեի Տոնոյանի հետ Երևանում: Դատարկ խոսքերով էլ չես խաբի հայ ժողովրդին: Նրանք այն ժամանակ էլ ասում էին, թե Օհանյանի գիծն անանցանելի է ։ Իսկ մենք անցանք այն 18 րոպեում։ Իսկ եթե նրանք օգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները, ապա 3-4 անգամ ավելի շատ կստանան, քան ապրիլին ։ Ես անհամբերությամբ սպասում եմ այդ պահին>,- ասել է Հասանովը: