Արմինֆո. Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները վկայում են ինչպես կառավարող «Արդարություն եւ զարգացում՚ կուսակցությունից (AKP), այնպես էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից ընտրազանգվածի հոգնածության մասին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Մարտի 31-ին Ստամբուլում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն հավաքել է 48,80 տոկոս, կառավարող «Արդարություն եւ զարգացում՚ կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ 48,48 տոկոս:
Ապրիլի 3-ին AKP-ն վիճարկել է Ստամբուլի ընտրությունների արդյունքները։ Քաղաքային կուսակցական բջջի ղեկավար Բայրամ Շենոջակի խոսքով՝ բողոքը ներկայացվել է քաղաքի 39 շրջաններում, իսկ, ընդհանուր առմամբ, կառավարող կուսակցության օգտին չի հաշվվել ավելի քան 2,5 հազար ձայն: AKP-ն նաեւ որոշել է բողոքարկել Անկարայի ընտրությունների արդյունքները։ Կառավարող կուսակցությունը պարտվել է նաեւ երկրի մեծությամբ երրորդ քաղաքում՝ Իզմիրում կայացած ընտրություններում։
«Բացի խոշոր քաղաքային կոնգլոմերատներից՝ Ստամբուլից, Անկարայից եւ Իզմիրից, ընդհանուր առմամբ, երկրում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում AKP-ն հաղթում է՝ զգալի տարբերությամբ։ Այդուհանդերձ, իրավիճակի վերլուծության ժամանակ ակնհայտ է ընտրազանգվածի տրամադրությունների տեղաշարժն ազգայնական տրամադրությունների ուղղությամբ։ Հատկապես այն ֆոնին, թե ինչպես քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, ընդհանուր առմամբ, հավաքում է համեստ 4 տոկոս: Այնուամենայնիվ, չնայած Էրդողանի կողմից այդ կուսակցության նկատմամբ ողջ հալածանքին, նրա ղեկավարության նկատմամբ հետապնդումներին, կուսակցությունը պահպանում է իր դիրքերը քրդաբնակ արեւելյան նահանգներում՚, - ընդգծել է նա։
Թուրքագետի գնահատմամբ՝ 2002-ից իշխանության ղեկին գտնվող AKP-ն և Թուրքիայում միանձնյա իշխանության ռեժիմ հաստատած Էրդողանը բավականին ձանձրացրել են թուրք հասարակությանը։ Եվ ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո խստացած բռնաճնշումները, քաղաքացիների ձերբակալություններն ու հետապնդումները միայն թեժացնում են առկա դժգոհությունը։ Եվ իշխող կուսակցության պարտությունը Ստամբուլում, Անկարայում ու Իզմիրում, ըստ Սաֆրաստյանի, այդ տրամադրությունների լավագույն ցուցիչն է։
Այսպիսով, կառավարող կուսակցության համար դիտվող բավականին անմխիթար միտումների լույսի ներքո թուրքագետը բողոքի տրամադրությունների էական աճ է կանխատեսում արդեն մինչև առաջիկա նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններ: Այդուհանդերձ, Անկարայի ամրության զգալի պաշարը, առաջին հերթին, Սիրիայի ուղղությամբ արտաքին քաղաքական ակտիվության հետ մեկտեղ, Սաֆրաստյանի կանխատեսմամբ, AKP-ին եւ նրա առաջնորդ Էրդողանին թույլ կտան հերթական հաղթանակը տոնել նաեւ այդ ընտրություններում: