


Արմինֆո. Արցախի պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը /Օգանովսկի/ ապրիլի 2-ին հայտարարել է պաշտոնը թողնելու մասին։
Կարապետյանի հայտարարությունում մասնավորապես ասված է. «Այսօր՝ ապրիլի 2-ին, իմ զեկուցագրի համաձայն, շուրջ երեք տասնամյակ, նախ որպես կամավորական, ապա կանոնավոր բանակի զինվոր, Պաշտպանության բանակում ծառայելուց հետո թողնում եմ Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարարի պաշտոնը և զորացրվում զինված ուժերի շարքերից:
Շնորհակալ ու երախտապարտ եմ իմ բոլոր այն զինակիցներին, ովքեր և՛ արցախյան առաջին, և՛ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում իրենց արարումներով բարձր պահեցին հայ զինվորականի անունն ու պատիվը և այսօր էլ անմնացորդ նվիրումով շարունակում են փառքով կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը:
Իմ երախտագիտությունն եմ հայտնում Պաշտպանության բանակի շարքային անձնակազմին, սերժանտներին, ենթասպաներին, սպաներին և բարձրագույն հրամանատարական կազմին համատեղ ծառայության համար և համոզմունք հայտնում, որ ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ Արցախի զինված ուժերը պատվով կիրականացնեն իրենց առջև դրված ցանկացած մարտական խնդիր:
Ավարտելով խոսքս վստահեցնում եմ, որ բանակը եղել է, կա ու մնալու է իմ ամենօրյա մտորումների առանցքում և հայրենիքին վտանգ սպառնալու դեպքում, առանց վարկյան կորցնելու, կրկին կանգնելու եմ նրա շարքերում>:
Նշենք, որ ԶԼՄ-ները Կարապետյանի հրաժարականը կանխատեսում էին դեռ մի քանի օր առաջ և դա կապում էին Արցախի ՊԲ-ում կադրային փոփոխությունների ալիքի հետ, որոնք մասամբ թելադրված են Երևանի կողմից:



