Արմինֆո. ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարար Միրոսլավ Լայչակը Բրատիսլավայում հանդիպել է Մինսկի խմբի համանախագահ Էնդրյու Շեֆերի հետ:
Ինչպես Արմինֆո գործակալությանը հաղորդել են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, Շեֆերը, ելույթ ունենալով նաև համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի անունից, գործող նախագահին տեղեկացրել է մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքների մասին:
Կազմակերպության հաղորդագրության համաձայն, գործող նախագահը ողջունել է բանակցությունների կառուցողական մթնոլորտն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ հետագա, շոշափելի քայլեր ձեռնարկելու առաջնորդների ձգտումը: «Մենք նախկինի պես դրական ենք գնահատում եւ լիովին աջակցում ենք այդ գործընթացին եւ երկու առաջնորդների` հրադադարի ռեժիմն ամրապնդման եւ հումանիտար ոլորտում միջոցառումների իրականացման հանձնառությանը՚, - ասել է Լայչակը: