Արմինֆո.Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններում նոր միտումներ են նկատվում։ Այս մասին իր տեսաուղերձի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Վիեննայում կայացած հանդիպանը։
Նրա խոսքով, հանդիպման ընթացքում կողմերը խոսել են իրենց օրակարգերի հնարավոր մերձեցման մասին: <Մենք փորձել ենք լսել և հասկանալ միմյանց դիրքորոշումները: Իսկ գլխավորն այն է, որ ես ընդգծել եմ, որ այս գործընթացում պետք չէ փնտրել հաղթողներին ու պարտվողներին։ Կարծում եմ ՝ սա նոր միտում է, և կարևորն այն է, որ այս գործընթացն ընթանա փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման մթնոլորտում>, - ասել է վարչապետը ՝ ընդգծելով, որ Վիեննայի բանակցությունների ընթացքում նկատվող մթնոլորտը արձանագրվել է նաև Մինսկի միջնորդների հայտարարության մեջ ։
<Բայց ուշագրավն այն է, որ հանդիպումից հետո Բաքվից սկսեցին հնչել հայտարարություններ, որոնք ընդհանրապես չէին համապատասխանում բանակցությունների ոգուն և Մինսկի միջնորդների հայտարարությանը ։ Կարծում եմ, որ դա տեղի է ունենում հին իներցիայով, մինչդեռ բանակցություններում այսօր նոր միտումներ են նկատվում>, - ասել է Փաշինյանը ՝ ընդգծելով, որ նոր գործընթացներում շեշտադրումը կդրվի այն հարցերի վրա, որոնք նա հնչեցրել է Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի Ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ ։
Նա նաեւ անդրադարձել է բանակցային ձեւաչափի փոփոխության մասին հայտարարություններին ՝ ընդգծելով, որ հայկական կողմը նոր ձեւաչափ չի առաջարկում, այլ ցանկանում է վերադառնալ սկզբնական ձեւաչափին: Ամփոփելով ՝ Փաշինյանը կրկին հայտարարել է, որ դրական է գնահատում Վիեննայի հանդիպումը Ալիևի հետ ։
Նշենք, որ հայկական երկու հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում Փաշինյանը շեշտը դրել էր Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության եւ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ առկա տարրերի ու սկզբունքների պարզաբանման վրա: