Արմինֆո. Վիեննայում ավարտվել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:
Նշենք, որ այսօր՝ Երևանի ժամանակով 14:00-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը տեղի էր ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:
Մոտ մեկ ժամ տեւած բանակցություններից հետո Ալիեւն ու Փաշինյանը շարունակել են առանձնազրույցը, որոնք այնուհետեւ շարունակվել են կրկին երկու երկրների ԱԳ նախարարների և միջնորդների մասնակցությամբ: Ընդհանուր առմամբ, հանդիպումը տեւել է մոտ երեք ու կես ժամ։
Նշենք, որ Փաշինյանն այսօր Վիեննայում հանդիպում կունենա նաև Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: