Արմինֆո.Միջնորդների կողմից կազմակերպված Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եւ ղեկավարների հերթական հանդիպումներն առավելագույնն են, ինչով կարող են շարունակվել Ղարաբաղի շուրջ բանակցությունները: Նման կարծիք է հայտնել Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովը։
«Ընդ որում, նման հանդիպումների արդյունքը քիչ բանով կտարբերվի այն արդյունքներից, որոնք մենք տեսնում ենք վերջին տասնամյակներում ։ Բանակցությունների հերթական փուլը կավարտվի արտգործնախարարների և պետությունների ղեկավարների նոր հանդիպումների շուրջ պայմանավորվածության ձեռքբերմամբ։ Գործընթացը առաջ տանելու նախադրյալներ առաջվա պես չկան։ Դրանք կարող են հայտնվել միայն հակամարտության կողմերից գոնե մեկի զիջումների պատրաստակամության ի հայտ գալու դեպքում՚, - նշել է նա։
Մինչդեռ, Կռիլովի գնահատմամբ, այսօր զիջումների պատրաստ չեն ոչ Իլհամ Ալիևը, ոչ էլ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ բանակցային սեղանի շուրջ Ղարաբաղի վերադարձի անհրաժեշտության մասին Հայաստանի վարչապետի արտահայտած գաղափարից հետո, որն արմատապես անընդունելի է ադրբեջանցի գործընկերոջ համար, բանակցային գործընթացը, քաղաքագետի կանխատեսումներով, կրկին կհայտնվի սառեցված վիճակում։
Մարտի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպման օրակարգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների և տարրերի քննարկումն է։ Մարտի 28-ին Ավստրիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Նախարարների հանդիպմանը նախորդել են նրանց առանձին հանդիպումները միջնորդների հետ։
Կռիլովը, ընդհանուր առմամբ, ճիշտ է համարում ղարաբաղցիներին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության գաղափարը` գործըթնացից Ղարաբաղի դուրս բերումը համարելով Երեւանի մեծ սխալը։ Դրանով Հայաստանը, գործնականում, ղարաբաղյան հակամարտությունը հանգեցրեց Բաքվի կողմից ներկայացվող «օկուպացված տարածքների՚ միջպետական խնդրին։ Սակայն, չնայած գործընթաց Ղարաբաղի վերադարձին միջնորդների համաձայնությանը` բոլոր կողմերի համաձայնության դեպքում, գործնականում, նրա կարծիքով, դա անհնար է` Բաքվի անհամաձայնության պատճառով:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ 1992 թվականից զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացրել են համանախագահները Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից: Ներկայումս կարգավորման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2007 թվականին Մադրիդում առաջադրված եւ 2009 թվականին նորացված «մադրիդյան սկզբունքների՚ հիման վրա, որոնք, ի թիվս այլ բաների, նախատեսում են հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի տեղակայում: