


Արմինֆո. 35 կոնգրեսականներ միացել են ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի նախաձեռնությանը՝ 2020 ֆինանսական տարում Հայաստանին և Արցախին 100 մլն դոլարի ամերիկյան ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ:
Կոնգրեսականներն ԱՄՆ կառավարությունից պահանջում են 2020 թվին Արցախին ֆինանսական աջակցություն ցուցաբերել 10 մլն դոլարի չափով (6 մլն դոլար ականազերծման ծրագրերի համար և 4 մլն դոլար ՝ Ռոյս-Էնգելի բանաձևով վերապահված սահմանամերձ միջադեպերի նվազեցման միջոցառումների իրականացման համար): Փաստաթղթով նախատեսվում է Հայաստանին հատկացնել 60 մլն դոլար՝ որպես տնտեսական աջակցություն, 10 մլն դոլար՝ պաշտպանության ոլորտում բարեփոխումների համար, 20 մլն դոլար՝ որպես օգնություն սիրիացի փախստականներին։ Բացի այդ, կոնգրեսականները պահանջում են վերացնել բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական սահմանափակումները ԱՄՆ քաղաքացիների Արցախ այցելելու ճանապարհին։
Կոնգրեսի ղեկավարությանը և ԱՄՆ կառավարությանն ուղղված իրենց նամակում կոնգրեսականներն իրենց առաջարկը հիմնավորում են թավշյա հեղափոխությունից հետո սկսված բարեփոխումների իրականացումը շարունակելու համար Հայաստանի նոր իշխանություններին աջակցելու անհրաժեշտությամբ։ Կոնգրեսականները նաեւ կոչ են անում վերացնել երկու երկրների միջեւ կրկնակի հարկման համակարգը, ակտիվացնել ամերիկյան ներդրումները Հայաստանի տնտեսությունում: «Բացի այդ, ԱՄՆ - ի աջակցությունը օգնում է այդ արեւմտամետ հանրապետությանը ամրապնդել իր պետականությունն ու անկախությունը եւ ավելի արդյունավետ դիմակայել տարածաշրջանային մարտահրավերներին՚, - ասված է նամակում: Բացի այդ, կոնգրեսականները պահանջում են դադարեցնել ֆինանսական աջակցությունն Ադրբեջանին` պաշտպանական ոլորտում, քանի դեռ Բաքուն չի հրաժարվել իր ռազմատենչ սպառնալիքներից եւ չի համաձայնել հակամարտության գոտում վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, ինչը, ի վերջո, կարող է հանգեցնել խնդրի վերջնական լուծման:


