Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ը աշխատանքային այցով կմեկնի Ավստրիա, որտեղ տեղի կունենա հայոց պետության ղեկավարի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների նախաձեռնությամբ:
Ինչպես հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ: Նախատեսվում է ՀՀ կառավարության ղեկավարի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ավելի վաղ ԱրմԻնֆոն, վկայակոչելով օտարերկրյա դիվանագիտական աղբյուրներ, հաղորդել էր, որ Ալիեւ-Փաշինյան հանդիպումը կկայանա մարտի 29-ին Վիեննայում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Փաշինյան-Ալիև հանդիպման մասին բազմիցս հաղորդել են նաև Երևանն ու Բաքուն։ Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի ամփոփիչ հայտարարության մեջ։ Ինչպես ավելի վաղ Փաշինյանն ասել էր մեծ մամուլի ասուլիսի ժամանակ, հանդիպման օրակարգում կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների հստակեցումը և Արցախի ներգրավումը բանակցային սեղանի շուրջ: