Արմինֆո. Տարածքային զիջումների միջոցով ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման փորձը հեռանկար չունի, քանի որ չի արտացոլում հակամարտության իրական էությունը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։
«Մեր և Ադրբեջանի միջև հակամարտությունը տարածքային վեճ չէ։ Այդ մասին է վկայում 1988 թվականին նախկին ԼՂԻՄ-ի շուրջ տարածքների Բաքվի վերահսկողության տակ գտնվելու փաստը։ Այսպիսով, Արցախի կողմից միակողմանի տարածքային զիջումների միջոցով հակամարտության կարգավորում ակնկալելն, առնվազն, անտրամաբանական է։ Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է, որը բազմիցս հնչեցվել է Արցախի ղեկավարության կողմից։ Վերադարձը դեպի անցյալ մենք համարում ենք անթույլատրելի և այդ պատճառով անհնար։ Ընդ որում, ինչպես կարգավիճակի, այնպես էլ ցանկացած տարածքի հարցում՚, - ընդգծել Է դիվանագետը։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ 1992 թվականից զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացնում են համանախագահները Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից: Ներկայումս կարգավորման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2007 թվականին Մադրիդում առաջարկված եւ 2009 թվականին նորացված «Մադրիդյան սկզբունքների՚ հիման վրա, որոնք, ի թիվս այլ բաների, նախատեսում են Արցախի կողմից տարածքային զիջումներ եւ հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի տեղակայում: Խոսքը հանրապետության առնվազն վեց շրջանների մասին է։
Մայիլյանը տարածքների հանձնումը գնահատում է որպես ուղիղ հարված արցախցիների անվտանգությանը, ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի անվտանգության համակարգի քանդման նախադրյալ։ Իսկ հաշվի առնելով, որ դա կվտանգի բնակչության գոյությունը իր պատմական հայրենիքում, արցախցիների համար այս հարցն ունի էքզիստենցիալ նշանակություն։
«Միանգամայն լրջորեն պետք է վերաբերվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին, որոնցից հետեւում է, որ երկրի ռազմավարական նպատակը Արցախի, Հայաստանի Սյունիքի մարզի եւ, նույնիսկ, նրա մայրաքաղաք Երեւանի գրավումն է։ Հետևաբար, Բաքվի ղեկավարության ագրեսիվ եւ էքսպանսիոնիստական մտադրությունները զսպելու ռազմական եւ քաղաքական-դիվանագիտական միջոցառումները նախկինի պես անհրաժեշտություն են: Եվ տարածքների հանձնումը նման տրամադրություններ ունեցող հարևանին այդ քայլերի մեջ բացարձակապես չի տեղավորվում՚, - ամփոփել է Արցախի ԱԳՆ ղեկավարը։