Արմինֆո.ՀՀ ՊՆ վարչական համալիրում մարտի 25-ին մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին ներգրավված են նաև ԱՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
Ողջունելով հավաքի մասնակիցներին և զինված ուժերի ղեկավար կազմի գիտելիքների կատարելագործման համատեքստում կարևորելով ամենամյա հավաքների դերն ու նշանակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել «Ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, դրանից բխող հնարավոր զարգացումները» թեմայով դասախոսությամբ: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի հիմնական մարտահրավերները, արտաքին, այդ թվում՝ ռազմական բնույթի սպառնալիքները, տարածաշրջանային շահերի և հակամարտությունների ոլորտում առկա և հավանական զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմի համար բարենպաստ բանակցային պայմաններ ապահովելու հիմնական գրավականները: