Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից կազմակերպված համապետական շաբաթօրյակին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ուսանողներ, դպրոցականներ, բուժհաստատությունների և այլ գերատեսչությունների աշխատակիցներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտից եղել է Հյուսիսային պողոտայում գտնվող շինհրապարակում, որտեղ կառուցվում է Սոս Սարգսյանի թատրոնի շենքը: Այսօր առավոտից պետք է տեղի ունենար վարչապետի մասնակցությամբ շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։ Սակայն շինհրապարակում տիրող հակասանիտարական վիճակը, հատկապես համապետական շաբաթօրյակի և հիմնարկեքի արարողության ժամանակ, զայրացրել է վարչապետին։ Նա չեղյալ է հայտարարել միջոցառումը, ընդգծելով, որ աղբի կույտում չի կարելի անցկացնել այն, դա անհարգալից վերաբերմունք կլինի Սոս Սարգսյանի հիշատակի նկատմամբ։ Վարչապետը որոշել է իր օրինակով ցույց տալ, թե ինչպես պետք է «պայքարել՚ աղբի ու կեղտի դեմ։ Նա վերցրել է ավելն ու սկսել է մաքրել տեղամասը։ «Անկեղծ ասած, ես Կոտայքի մարզի շաբաթօրյակին պետք է մասնակցեի, բայց ամեն ինչ ինքնաբուխ ստացվեց, ես ընդհանրապես ինքնաբուխ բաներ եմ սիրում։ Ես եկել եմ այստեղ՝ մասնակցելու թատրոնի շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը, բայց կեղտը տեսնելով՝ որոշեցի այստեղից սկսել շաբաթօրյակ՚, - բացատրել է վարչապետը։