Արմինֆո.Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության երաշխավորը։ Այս մասին մարտի 15-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Անդրադառնալով Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի այն հայտարարությանը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ առկա սկզբունքները հնացել են, Մնացականյանը հայտարարել է. <Մասիս Մայիլյանը հայտնել է ԼՂՀ ԱԳՆ դիրքորոշումը, պետք է հաշվի առնել, որ Հայաստանն ու Արցախը տարբեր սուբյեկտներ են։ Սակայն, մենք մշտապես համագործակցում ենք Արցախի իշխանությունների հետ, փոխանակվում դիրքորոշումներով ու մոտեցումներով>, - ընդգծել է Մնացականյանը ։
Նշենք, որ մարտի 13-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ բանակցություններից հետո Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարել է, որ այն առաջարկներն ու սկզբունքները, որոնք բանակցային սեղանին են գտնվում վերջին 27 տարիների ընթացքում, հնացած են և վերանայման կարիք ունեն: