Արմինֆո.«Անջատականները Հայաստանի աջակցությամբ շարունակում էին վերահսկել Լեռնային Ղարաբաղի մեծ մասը և Ադրբեջանի յոթ հարակից տարածքները՚: Այդ մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի ՝ մարդու իրավունքների վերաբերյալ 2018 թվականի տարեկան զեկույցում։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը քննարկման առարկա է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ֆրանսիա, Ռուսաստան և ԱՄՆ) միջազգային միջնորդական մանդատի շրջանակում: «Շփման գծի երկայնքով բռնությունը շարունակվել է հոկտեմբերին, այն բանից հետո, երբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին Դուշանբեում՚, - ասվում է փաստաթղթում:
Պետդեպարտամենտը նշում է, որ 2016 թվականի ապրիլին բռնության պոռթկումից հետո ղարաբաղյան հակամարտության կողմերը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ միմյանց մեղադրելով ռազմական գործողությունների ընթացքում խոշտանգումների կիրառման եւ միջազգային կոնվենցիաների նորմերի խախտման համար: «Գործերն սպասում են ՄԻԵԴ քննարկմանը՚, - ամփոփում է Պետդեպարտամենտը: