Արմինֆո. ՆԱՏՕ-ն հետաքրքրված է հաստատուն Հայաստանով։ Այդ մասին հայտարարել Է Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի տնօրեն Ռոզարիա Պուգլիսը` մարտի 14-ին Երեւանում զինված ուժերում պատվի եւ արժանապատվության ամրապնդման հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողովի բացմանը, որն անցկացվում է Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում։
«Հայաստանը ծրագրին մասնակցում է 2013 թվականից, եւ այս ծրագիրը կոչված է նպաստելու գործընկեր երկրներին ներսից փոխվել կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Ես Հայաստանին օգնելու ավելի լավ միջոց չեմ տեսնում, հատկապես` թավշյա հեղափոխությունից հետո՚, - նշել է Պուգլիսը։
ՆԱՏՕ-ի ներկայացուցչի համոզմամբ՝ ծրագիրը լավ մշակված եւ պահանջված է, դրան մասնակցում է 20 երկրիր, այդ թվում ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի 8 անդամներ:
Ընդ որում, Պուգլիսը գոհունակությամբ արձանագրել է ծրագրին տրված նոր ազդակը։ «Գործընթացը փոքր-ինչ ձգձգվել է: Բայց հիմա մենք թևակոխում ենք նոր փուլ։ Հաստատուն Հայաստգանը բխում է ՆԱՏՕ-ի շահերից։ Ինքնագնահատման գործընթացն իրականացվել է 2014-15 թվականներին, արդյունքները վերլուծվել են 2016 թվականին: Հայաստանի հետ սերտ համագործակցությունը շարունակվում է։ Դաշինքում ընդունում են, որ կոռուպցիան սպառնալիք է, այն ազդում է բանակի հանդեպ վստահության վրա, ազդում է կառավարման վրա: Մենք հասկանում ենք երկրի առջև ծառացած բարդություններն ու մարտահրավերները։ Հայաստանը հանձնառություն է հայտնել գործընթացին։ Մենք մեր կողմից պատրաստ ենք աջակցել։ Հայաստանն արդեն որոշակի դրական փորձ է կուտակել կառավարման բարելավման ոլորտում՚, - նշել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։
Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ ՆԱՏՕ-ի շաբաթն ընթանում է հաջող եւ երկրի համար կարեւոր ժամանակահատվածում: «Գերմանիան ունի զինված ուժերի կառուցման ավելի քան կեսդարյա փորձ և կարգապահության, պատվի ու արժանապատվության ամրապնդման նույնպիսի փորձ։ Խնդիրներ կային սկզբնական փուլում, հիմա էլ կան, որովհետև բոլոր խնդիրները չի կարելի լուծել, գործընթացը հետևողական է։ Պետք է աշխատել մշտապես՚, - ամփոփել է դիվանագետը։
Նշենք, որ խորհրդաժողովն անցկացվում է պաշտպանության նախարարությունում` ՆԱՏՕ-ի ծրագրի եւ Հայաստանում ընթացող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում: Դրա աշխատանքներին մասնակցում են ՀՀ ՊՆ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ, փորձագետներ Ֆրանսիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից: Խորհրդաժողովի մասնակիցները կքննարկեն կոռուպցիայի դեմ պայքարին, կառավարման ոլորտի բարեփոխումներին առնչվող հարցեր: