Արմինֆո. Վերջին տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն խոսել տարրերի և սկզբունքների մասին, որոնք առավել հայտնի են՝ որպես Մադրիդյան սկզբունքներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո։
Ընդ որում, նա արձանագրել է, որ համանախագահների վերջին հայտարարության մեջ դրանց մասին հիշեցումը զարմանք է առաջացրել։ <Իրենց կողմից պնդումները մի քիչ տարօրինակ էին, բայց նրանք այդ կերպ փորձեցին իրենց տեսակետը հայտնել, ասել, որ այդ առաջարկները շարունակում են մնալ բանակցությունների օրակարգում: Իսկ մենք կարծում ենք, որ ժամանակն է հրաժարվել այդ սկզբունքներից և ավելի իրատեսական առաջարկներ անել ։ Մենք նաև կարող ենք որոշակի առաջընթաց ակնկալել բանակցությունների ձևաչափի վերականգնման հարցում։ Բայց եթե մնան հնացած սկզբունքները, և Արցախը չմասնակցի բանակցություններին, մենք չենք կարող որևէ առաջընթաց արձանագրել այս բանակցային գործընթացում>, - ասել է Մայիլյանը ՝ հավելելով, որ այն առաջարկներն ու սկզբունքները, որոնք բանակցային սեղանին են վերջին 27 տարիների ընթացքում հնացած են և վերանայման կարիք ունեն ։
Նա նաև համակարծիք է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ բանակցությունների օրակարգում գտնվող 3 սկզբունքներն ու վեց տարրերը պարզաբանումների կարիք ունեն: <Մենք նաև ասում ենք, որ դրանք վերանայման կարիք ունեն։ Եթե խոսենք տարածքների վերաբերյալ սկզբունքի մասին, ապա կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ Ադրբեջանի հետ մեր հակամարտությունը տարածքային վեճ չէ, ինչպես դա փորձում է ներկայացնել պաշտոնական Բաքուն, ուստի այդ բանակցությունները սկսել որեւէ միակողմանի զիջումներով անընդունելի և խեղաթյուրում է հակամարտության էությունը>,-ասել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը:
Քանի որ կան միջազգային միջնորդներ, որոնք ներկայացրել են այդ առաջարկները, շարունակել է Մայիլյանը, ապա նրանք պետք է ավելի իրատեսական մոտեցում ցուցաբերեն, իսկ արցախյան կողմը անհրաժեշտության դեպքում կարող է փորձագիտական աջակցություն ցուցաբերել ավելի իրատեսական մոտեցում գտնելու համար ։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ