Արմինֆո. Իսրայելի հետ փոխգործակցությունը թույլ կտա Հայաստանին փոխել ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունն իր օգտին։ Այդպիսի կարծիք է հայտնել իսրայելցի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը:
<Համենայնդեպս, Իսրայելում սեփական դիվանագիտական ներկայացուցչության ընդլայնման ուղղությամբ Երևանի բեկումնային որոշումը տանում է հենց այդ ուղղությամբ։ Այս գործընթացին առանձնահատուկ հեռանկարներ է հաղորդում տարածաշրջանում Իրանի ազդեցության զգալի թուլացումը: Այսպիսով՝ այդ խոչընդոտի վերացումը լրացուցիչ հեռանկարներ է տալիս մեր երկրների մերձեցմանը>, - կարծում է նա ։
Հիշեցնենք, որ օրերս Իսրայել էր այցելել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը։ Այցի ընթացքում քննարկվել է Իսրայելում դեսպանություն բացելու հարցը ՝ հարաբերությունները նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու նպատակով ։ Երուսաղեմում կայացած հանդիպումների ընթացքում հայկական պատվիրակությունը քննարկել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ՝ Իսրայել կատարելիք այցի հետ կապված կազմակերպչական հարցեր:
Ըստ Էսկինի կանխատեսումների, սկսված գործընթացի հաջող շարունակման դեպքում Իսրայելը կարող է զգալի աջակցություն ցուցաբերել Հայաստանին ՏՏ ոլորտի, տեխնոլոգիական գյուղատնտեսության, բժշկության և, իհարկե, պաշտպանության ոլորտի զարգացման գործում: Ընդ որում, նրա գնահատմամբ, սփյուռքի հետ աշխատելու իսրայելական փորձը Հայաստանի համար կարող է ավելի կարևոր լինել, քան նույնիսկ ուժային և հետախուզական կառույցների փոխգործակցությունը:
<Բացի Իսրայելում դեսպանատուն և հյուպատոսություն բացելուց, սպասվում է նաև Երուսաղեմում հայկական մշակութային կենտրոնի բացում։ Եվ, իհարկե, չեն ուշանա նաև Իսրայելի պատասխան քայլերը Հայաստանում դիվանագիտական ներկայության ուղղությամբ։ Այսպիսով՝ այդ դեսպանատունն ավելին կլինի, քան պարզապես դեսպանատունը>, - ընդգծել է քաղաքագետը:
Էսկինի գնահատմամբ, Ադրբեջանի հետ Իսրայելի, իսկ Իրանի հետ Հայաստանի առևտրատնտեսական և ռազմավարական համագործակցությունը հակաբնական է թվում: Իսկ Իսրայելի և Ադրբեջանի միջև առևտուրն արդեն հասել է միլիարդավոր շրջանառությունների։ Ըստ արևմտյան ԶԼՄ-ների ՝ այդ ռազմավարական համագործակցությունը Մոսադին թույլ է տալիս իրանական ուղղությամբ աշխատել Ադրբեջանի տարածքից ։ Մինչդեռ ԱՄՆ-ն դա անում է Հայաստանի տարածքից։
<Իհարկե, Ադրբեջանի կողմից իսրայելական զենքի ձեռքբերումը Հայաստանի խիստ դժգոհությունն է առաջացնում։ Եվ դա այն պայմաններում, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը երեք անգամ ավելի շատ զենք է վաճառում Ադրբեջանին, քան Իսրայելը։ Ընդ որում, մենք պատրաստ ենք նույն զինատեսակները վաճառել նաև Հայաստանին։ Հասկանալի է, որ զենքը Երևանի և Երուսաղեմի միջև տարաձայնությունների միակ ոլորտը չէ ։ Սակայն Հայաստանի ԱԳՆ պատվիրակության վերջերս կատարած հաջող այցի լույսի ներքո՝ հույս կա, որ այդ տարաձայնությունները հաջողությամբ կհաղթահարվեն> - ամփոփել է Էսկինը ։
Օրերս այցով Իսրայելում գտնվող ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը The Jerusalem Post-ին հարցազրույցում հայտարարել էր, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին առազինությունների մատակարարումները դադարեցնելու Հայաստանի ձգտումը ոչ մի կերպ Իսրայելի հետ հարաբերությունների բարելավման պայման չէ: <Ուզում ենք, որ մեր գործընկերներն իմանան, որ Ադրբեջանին զենքի վաճառքը դուրս է հասարակ գործարքի շրջանակներից, և հետևանքներ ունի մեզ համար: Հայաստանը չի բացառում նաև Իսրայելի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունը>,- հայտարարել է դիվանագետը:
Իսրայելը պաշտոնապես զենք է վաճառում Ադրբեջանին 2012 թվականից:
Մատակարարումների ընդհանուր գումարն այդ տարիներին կազմել է շուրջ $4 մլրդ: Իսրայելը նաև Ադրբեջանի թիվ երկու գործընկերն է (Ռուսաստանից հետո) համաշխարհային զինագործական շուկայում։ Այսպես, եթե Բաքուն արդեն Մոսկվայից գնել է 5 միլիարդ դոլարի զինատեսակներ, ապա Երուսաղեմն ընդամենը 1 միլիարդով է զիջում։ Ըստ Իսրայելի Պաշտպանության նախարարության պաշտպանական արտահանման բաժնի՝ ընթացիկ տարվա մայիսին հրապարակված տվյալների՝ 2017 թվականին զենքի իսրայելական արտահանման ծավալը կազմել է 9.1 միլիարդ դոլար։ Այս թվի 13 տոկոսը բաժին է ընկնում Ադրբեջանին։ 2016 թվականին իսրայելական զինատեսակների գնումների ծավալով Ադրբեջանը երկրորդն էր Հնդկաստանից հետո, իսկ 2017 թվականին երրորդը՝ Հնդկաստանից ու Վիետնամից հետո: