Արմինֆո.Առողջապահության նախարարության և շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե» դեղագործական ընկերության երկարատև բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել ընկերության արտադրած և դեղագործական կազմակերպությունների կողմից Հայաստան ներմուծված հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնել:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին նախարարության մամուլի ծառայությունից, Շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե» ընկերության կողմից մշակվել է «Հիվանդների աջակցություն» ծրագիրը, որի նպատակն է օգնել կրծքագեղձի, արգանդի պարանոցի, ձվարանների, կոլոռեկտալ, երիկամաբջջային, թոքերի և գլխուղերի քաղցկեղ ունեցող հիվանդներին` ավելի հասանելի դարձնելով թիրախային բուժումը հերսեպտին և ավաստին դեղերով: Ստորև ներկայացվում է նշված դեղերի շուկայական գները (ՀՀ դրամով)`
- Հերսեպտին 440մգ. նախկին գին` 590 000, նոր գին` 530 000
- Ավաստին 100մգ. նախկին գին` 152 000, նոր գին` 105 000
- Ավաստին 400մգ. նախկին գին` 598 500, նոր գին` 410 000:
«ՀոֆՖման Լյա Ռոշե» դեղագործական ընկերության հետ բանակցությունները շարունակվում են դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնելու համար:
Նշենք, որ «ՀոֆՖման Լյա Ռոշեն» աշխարհի առաջատար եւ ինտենսիվ զարգացող բժշկական ընկերություններից մեկն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է
Բազելում (Շվեյցարիա): Ընկերությունը, որը հայտնի է որպես «Ռոշ՚, հիմնադրվել է 1896 թվականին։ Այսօր Ռոշը առողջապահության միջազգային շուկայի առաջատարներից է և գործունեություն է ծավալում ավելի քան հարյուր երկրներում։ Ընկերությունում աշխատում է ավելի քան 60000 աշխատակից։ Ամեն տարի ավելի քան 2 մլրդ ԱՄՆ դոլար ներդրվում է գիտական հետազոտությունների և զարգացման մեջ։ Այդ ամենը նպատակ ունի հոգ տանել մարդու առողջությանը: Ռոշի գործունեության ուղղություններն ընդգրկում են առողջապահության ողջ սպեկտրը՝ կանխարգելում, ախտորոշում և թերապիա։ «ՀոֆՖման Լյա Ռոշեն» ստեղծում է նոր անհատական մոտեցումներ յուրաքանչյուրի բուժման հանդեպ: