Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որպես միջնորդներ, երբեք կոշտ հայտարարություններով աչքի չեն ընկել, նույնիսկ ամենալուրջ բախումների ժամանակ, օրինակ՝ 2016 թ. ապրիլյան պատերազմի: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԻնկսի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը:
Ինչ վերաբերում է բուն հայտարարությանը, քաղաքագետը խոսքով, դա այն տարրերի յուրօրինակ ներկայացում է, որոնք գտնվում են միջնորդների <խնայատուփում>: Մյուս կողմից՝ փորձագետի խոսքով, դա վերջին շրջանում բանակցային գործընթացին Արցախի մասնակցության առնչությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների արված հայտարարությունների ռեֆլեքսիա է: <Այստեղ վերապահում կա այն մասին, որ ձևաչափի ցանկացած փոփոխություն հնարավոր է միայն ներգրավված բոլոր կողմերի համաձայնությամբ: Միջնորդների ուղերձն այն է, որ անհրաժեշտ է պահպանել ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ գոյություն ունեցող բանակցային ձևաչափը և շարունակել բանակցությունները, այնպես կոչված, Մադրիդյան սկզբունքների շուրջ>,- նշել է քաղաքագետը:
Մարկարովը գտնում է նաև, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի առաջիկա հանդիպումից որևէ բեկում սպասել պետք չէ, և կողմերը, ամենայն հավանականությամբ, կհաստատեն խաղաղարար գործընթացի շարունակմանն իրենց կողմնակցությունը, կընդգծեն առաջնագծում լարվածության նվազեցման անհրաժեշտությունը և բնակչությանը խաղաղության նախապատրաստելու ճանապարհով գնալու պատրաստակամություն կհայտնեն, բայց ոչ ավելին:
Նշենք, որ մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հերթական հայտարարությամբ, որում այս անգամ ողջունել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` միջնորդների հովանու ներքո շուտով հանդիպելու պատրաստակամությունը:
Միաժամանակ համանախագահները կողմերին հորդորում են զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են էապես փոխել իրավիճակը տեղերում, դրանով իսկ կանխորոշելով ապագա բանակցությունների ելքը, կամ ստեղծում են նախապայմաններ, որոնք պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն` առանց մյուս կողմի համաձայնության, կամ ցույց են տալիս ակտիվ մարտական գործողությունները վերսկսելու պատրաստակամություն: Մինսկի միջնորդները հայտարարությունում ընդգծում են, որ կարգավորման գործընթացը պետք է ներառի նաև լրացուցիչ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որն ապահովի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավաբանորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք ներառեն նաև խաղաղապահ գործողություն:
Պաշտոնական Երևանը, արձագանքելով միջնորդների հայտարարությանը, ընդգծել է, որ վերջին շրջանում նկատելիորեն կոշտացել են Ադրբեջանի տարբեր պետական օղակների կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արվող հայտարարությունները: <Դրանցում առավել շեշտադրվում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, ռազմական ճանապարհով հիմնահարցի լուծումը, առավելապաշտական, ոչ կառուցողական հայտարարությունները, ինչը դատապարտելի է: Հենց սա է արտացոլված նաև համանախագահների վերջին հայտարարության մեջ: Հայկական կողմի, ներառյալ՝ վարչապետի բազմաթիվ կառուցողական հայտարարություններն այդպես էլ անարձագանք են մնում ադրբեջանական կողմից: Խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում, շարունակում են մնալ առարկայական>,- ընդգծվում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի հայտարարության մեջ: