Արմինֆո. Անվճար է լինելու ոչ թե օնկոլոգիական հիվանդությունների բուժումը, այլ քաղաքացիները չեն վճարելու օնկոլոգիական վիրահատությունների համար: Այդ մասին մարտի 11-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի միստում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝անդրադառնալով օնկոլոգիական հիվանդություններն անվճար բուժելու վերաբերյալ տարածված տեղեկատվությանը:
Այս առնչությամբ Արսեն Թորոսյանը պարզաբանել է, որ այն հստակ չէ: Անվճար է լինելու ոչ թե օնկոլոգիական հիվանդությունների բուժումը, այլ քաղաքացիները չեն վճարելու օնկոլոգիական վիրահատությունների համար: Այսինքն կվերանա քաղցկեղի վիրահատությունների համավճարի մուծումը քաղաքացու կողմից, եւ դա իր վրա կվերցնի պետությունը: Նախարարը նշել է, որ մինչ այժմ հայտարարվել է, որ մեր երկրում քաղցկեղով հիվանդների բուժումը եղել է պետպատվերով, սակայն վիրահատությունների գումարի 20 տոկոսը վճարվել է պետական բյուջեից, 80 տոկոսը՝ քաղաքացու գրպանից: Փոփոխությունն այն է, որ այժմ քաղաքացու կողմից վճարվող համավճարը եւս նախատեսվում է վճարել պետական բյուջեից: Կատարվել են հաշվարկներ, եւ արդեն պարզ է, որ պետությունն այս տարի ի վիճակի է իր վրա վերցնելու ուռուցքաբանական վիրահատությունների համավճարը:
Անդրադարձ է եղել նաեւ մանկական քաղցկեղի բուժման վերաբերյալ տարածված տեղեկատվությանը: Արսեն Թորոսյանը նշել է, որ պետությունն իր վրա է վերցրել մանկական քաղցկեղի ստացիոնար բուժման ծառայությունների մի մասը եւ այդ նպատակով 50 մլն դրամ հավելյալ գումար է հատկացվել: Ըստ նախարարի՝ երեխաների շրջանում Հայաստանում տարեկան լինում է հյուսվածքային ուռուցքների մոտ 100 դեպք, որոնցից 30-ն անհրաժեշտ է լինում բուժել արտերկրում:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ