Արմինֆո. Հայաստանը չի ծրագրում Աֆղանստանում «Վճռական աջակցություն՚ գործողության մեջ ներգրավված խաղաղապահ առաքելության ընդլայնում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը` մարտի 11-ին Երեւանում ՆԱՏՕ-ի շաբաթվա բացմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ։
Նրա խոսքով, այսօր նման անհրաժեշտություն չկա։ Նա հիշեցրել է, որ խաղաղապահ ուժերի քանակը որոշվում է նրանց այս կամ այն գործողությանը ներգրավելու անհրաժեշտությամբ, եւ այսօր զորակազմի թվաքանակի ավելացման անհրաժեշտություն չկա: Նա նաեւ դժվարացել է ասել, թե որքան ժամանակ դեռ հայկական զորակազմը կգտնվի Աֆղանստանում։ «Մեր խաղաղապահներն Աֆղանստանում կմնան այնքան ժամանակ, քանի դեռ դրա անհրաժեշտությունը կա՚, - ասել է Այվազյանը` դժվարանալով նշել որևէ ժամկետ
Հիշեցնենք, որ Հայաստանը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը մասնակցում է 2010 թվականի փետրվարից: Ի սկզբանե Աֆղանստանում գտնվել է Հայաստանի 40 զինծառայող։ 2011 թվականի հունիսին նրանց թիվը հասել է 81-ի մարդու, որոնք ծառայություն են իրականացրել Մազարի Շարիֆի ռազմակայանում: Հայկական զորակազմը ապահովել է Մազարի Շարիֆի օդանավակայանի անվտանգությունը, իրականացրել պարեկային ծառայություն եւ վերահսկել անցակետերը: 2012 թվականի օգոստոսին Մազարի Շարիֆում հայկական զորախմբի առաքելությունն ավարտվեց։ Նույն ամսին Հայաստանի նոր զորախումբը 131 հոգանոց զորակազմով մեկնել է Աֆղանստան ՝ Մայք-Սպեն ռազմակայանում ծառայություն իրականացնելու համար ։ Հայ խաղաղապահները պաշտպանում են ռազմակայանի հսկիչ-անցագրային կետը եւ հարակից տարածքը: Աֆղանստանում Հայաստանի խաղաղապահ ուժերի անձնակազմի պատրաստման եւ տեխնիկական ապահովման բոլոր ծախսերն իր վրա է վերցրել Գերմանիան: