Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստանի Դաշնություն, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ) հանդես են եկել հերթական հայտարարությամբ, որում այս անգամ ողջունել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` միջնորդների հովանու ներքո շուտով հանդիպելու պատրաստակամությունը:
«Միջնորդներն ընդգծում են արդյունավետ քննարկումներին նպաստող մթնոլորտի պահպանման կարևորությունը և շարունակում են դրական գնահատել առաջնագծում մահվան դեպքերի բացակայությունը:
Համանախագահները նաև ողջունում են որոշ սկզբնական քայլերը, որոնք իրականացվում են տարածաշրջանի բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն, և կողմերին կոչ են անում ակտիվացնել նման ջանքերը:
Միևնույն ժամանակ, համանախագահները վերահաստատում են լարվածության թուլացման ու հրահրող հռետորաբանության նվազեցման բացառիկ կարևորությունը:
Այս համատեքստում համանախագահները կողմերին հորդորում են զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են էապես փոխել իրավիճակը տեղերում, դրանով իսկ կանխորոշելով ապագա բանակցությունների ելքը, կամ ստեղծում են նախապայմաններ, որոնք պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն` առանց մյուս կողմի համաձայնության, կամ ցույց են տալիս ակտիվ մարտական գործողությունները վերսկսելու պատրաստակամություն՚, - ասվում է միջնորդների հայտարարությունում, որը նախապատրաստվել էր դեռ մարտի 1-ին:
Միևնույն ժամանակ, ելնելով Մինսկի խմբի գործընթացի էության վերաբերյալ որոշ հակասական հրապարակային հայտարարություններից, համանախագահները վերստին հայտարարում են, որ արդար և տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա, ներառյալ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Մինսկի միջնորդները հայտարարությունում ընդգծում են, որ կարգավորման գործընթացը պետք է ներառի նաև լրացուցիչ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որն ապահովի անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավաբանորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք ներառեն նաև խաղաղապահ գործողություն:
Համանախագահները, միևնույն ժամանակ, համոզմունք են հայտնում, որ այդ սկզբունքները և տարրերը պետք է ընկած լինեն հակամարտության կարգավորման ցանկացած արդարացի և տևական կարգավորման հիմքում և պետք է դիտվեն որպես մեկ ամբողջություն։ Նրանք ընդգծում են, որ որոշ սկզբունքներ կամ տարրեր մյուսներից վեր դասելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշիռ լուծման հասնելը:
«Համանախագահները պատրաստ են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների և արտգործնախարարների հետ` ցանկացած ժամանակ, և ղեկավարներին կոչ են անում առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բանակցությունները` բարի կամքի ոգով:
Վստահության ամրապնդման և հաշտության գործընթացն առաջ մղելու կարևորագույն բաղադրիչը մնում է Բաքվի և Երևանի միջև շարունակական և ուղիղ երկխոսությունը` համանախագահների հովանու ներքո:
Կախված հանգամանքներից` համանախագահները նաև շարունակելու են համապատասխան հարցերը քննարկել հակամարտության հետևանքնով անիմջականորեն տուժած շահագրգիռ կողմերի հետ, ընդունելով, որ ցանկացած համաձայնեցված կարգավորման համար անհրաժեշտ է հաշվի առնել նրանց տեսակետները և մտավախությունները:
Համանախագահներն ընդգծում են, որ իրենց մանդատին համապատասխան՝ լիովին հանձնառու են օգնելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ կարգավորում: Համանախագահները նաև իրենց լիակատար աջակցությունն են հայտնում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի անկողմնակալ և չափազանց կարևոր դիտարկման աշխատանքին՚, - ասվում է հայտարարությունում: