Արմինֆո.Եվրամիությունը լիարժեք պատրաստ է մեզ աջակցել մեր բարեփոխումների և ընդհանրապես Հայաստանում զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգում: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում ամփոփելով Բրյուսել կատարած այցի արդյունքները:
Նրա խոսքով, կարևոր է արձանագրել, որ այս համագործակցության մեջ և՛ Հայաստանի, և՛ Եվրամիության կողմից չկա աշխարհաքաղաքական որևէ օրակարգ: <Այսօր Եվրամիության հետ մի քանի մեգանախագծեր ենք քննարկել, որոնց առաջին խումբը վերաբերում է ճանապարհային և տրանսպորտային ենթակառուցվածքներին: Մեր նպատակադրումն է, որ Հայաստանի Հանրապետությունում ավտոճանապարհները պետք է բերվեն եվրոպական չափանիշների: Նաև պետք է կարևոր որոշումներ կայացնենք Հյուսիս-հարավ ծրագրի վերաբերյալ:
Հաջորդը ջրամբարաշինության մեծ ծրագրի իրականացումն է և ջրերի կառավարման նոր համակարգի ներդրումը: Այս համատեքստում չափազանց կարևոր է Սևանա լճի շուրջ և Հրազդան գետի երկայնքով առնվազն մինչև Երևանյան լիճ ջրերի մաքրման կայաններ կամ համակարգ ստեղծելը:
Հաջորդ խնդիրը դպրոցաշինություն իրականացնելն է, հատկապես սեյսմիկ պաշտպանության առումով: Այդ ծրագիրն արդեն իրականացնում ենք, բայց կարիք ունենք լրջորեն ընդլայնել դրա շրջանակը, որպեսզի նախ՝ այդ դպրոցները սեյսմիկ բոլոր պահանջներին համապատասխանեն և համապատասխանեն նաև կրթական, բովանդակային, ժամանակակից պահանջներին և չափանիշներին՝ ոչ միայն շենքային, այլև գույքային առումով:
Նաև խնդիր ունենք՝ արդարադատության ոլորտում լուրջ ծրագրեր իրականացնելու: Եվրամիության գործընկերների հետ խոսելիս ես ասեցի, որ այն բանտային պայմանները, որոնցում պահվում են Հայաստանի Հանրապետությունում կալանավորված ու դատապարտված անձինք, չեն կարող հարիր համարվել Նոր Հայաստանի չափանիշներին: Մենք դատական համակարգում էլ խնդիրներ ունենք. ինձ համար զարմանալի էր, որ ունենք դեպքեր, երբ դատական նիստերը, այսպես ասած, միջանցքային պայմաններում են իրականացվում, ու դա արդեն ձևով խաթարում է արդարադատության բովանդակությունը>,- ասել է կառավարության ղեկավարը:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի ավելի քան 700 մլն եվրո վարկ` ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար: Եվրոպական հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ Հայաստանին հատկացվող վարկային ռեսուրսները կդառնան «Արեւելյան գործընկերությունե ծրագրի մասնակից երկրներին `Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային եւ Բելառուսին Եվրամիության ընդհանուր աջակցության մի մասը: Ծրագրի ընդհանուր բյուջեն, որը կֆինանսավորվի Եվրամիության եւ Համաշխարհային բանկի համատեղ ջանքերով, կկազմի 13 մլրդ եվրո: