Արմինֆո.Հայաստանի մայրաքաղաքը մարտի 7-ի առավոտից տրանսպորտային կոլապսի մեջ է: Ողևորատար ավտոբուսների մեծ մասն այսօր երթուղի դուրս չի եղել՝ բողոքելով տրանսպորտային միջոցներում տեսախցիկներ տեղադրելու քաղաքային իշխանությունների մտադրությունների դեմ, հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը:
Շուրջ 250 վարորդ հավաքվել է Չարբախի և Ջրվեժի ավտոպարկերում: Ավտոկանգառներում հավաքված մեծ թվով մարդիկ առավոտից չեն կարողանում աշխատանքի հասնել: Վորորդները վրդովված են ինչպես ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու Երևանի քաղաքապետարանի մտադրությունից, այնպես էլ՝ ամենօրյա պլանային վճարումներից, որոնք, որոշ տվյալներով, կլազմում են օրական 40 հազար դրամ՝ 100 դրամ ուղևորավարձի դեպքում: Ներկայումս վարորդների հետ բանակցություններ են վարում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել ավտոբուսների վարորդների գործադուլի առնչությամբ պարզաբանումներով: Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. <Երեւանում հանրային ուղեւորափոխադրում իրականացնող «Երեւանի ավտոբուսե ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։ Այս պահին խնդիրը կարգավորվում է>: