Արմինֆո. Հայաստանը հանդես է գալիս Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքի դեմ, բայց դա որպես Երուսաղեմի հետ հետ հարաբերությունները բարելավելու նախապայման չի դնում: Այդ մասին The Jerusalem Post-ին հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հնարավորությունը, որպեսզի երկու երկրների կապերն անցում կատարեն <հաջորդ մակարդակ>: Ըստ որում, փոխնախարարի խոսքով, Հայաստանը ցանկանում է, որ Իսրայելը փոխադարձ արձագանքի և դեսպանատուն բացի Երևանում:
Անդադառնալով տեղեկատվությանը, թե Իսրայելն Ադրբեջանին հիմնական զենք մատակարարողն է՝ Գրիգոր Հովհաննիսյանը հայտարարել է, որ Հայաստանը կողջունի, եթե Իսրայելը հետևի ԱՄՆ և եվրոպական շատ երկրների օրինակին, այսինքն՝ զենք չվաճառի ոչ Բաքվին, ոչ Երևանին: Փոխնախարարն ընդգծել է, որ
ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չկա ռազմական լուծում, պետք է լինի միայն քաղաքական, սակայն Ադրբեջանին զենքի վաճառքը հանգեցնում է սպառազինության մրցավազքի: Նրա խոսքով, Հայաստանը ցանկանում է, որ իր գործընկերները հասկանան, որ Ադրբեջանին զենք վաճառելը դուրս է հասարակ գործարքի տրամաբանությունից, և հղի է հետևանքներով:
Գրիգոր Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը: Դիվանագետը հայտարարել է, որ չնայած Հայաստանը կողջունի պատմական փաստի ճանաչումը, որը վերապրել է հայ ժողովուրդը, դա նախապայման չէ Երուսաղեմի հետ ավելի սերտ հարաբերությունների զարգացման համար: Հարցին, թե արդյոք կա հիասթափություն, քանի որ Իսրայելը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ ներկայացնում է իր անձնական կարծիքը: Որպես ցեղասպանությունը վերապրած փախստականների սերունդ՝ նա անձնապես հիասթափված է, բայց դա ԱԳՆ-ի ու կառավարության դիրքորոշումը չէ:
Հովհաննիսյան ն անդրադարձել է նաև երկու երկրների տնտեսական փոխադարձ շահերին՝ նշելով, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, և կարող է դարպաս հանդիսանալ իսրայելական ապրանքների համար դեպի մեծ շուկա: