


Արմինֆո. Ադրբեջանը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերով նախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման ժամանակ:
Միեւնույն ժամանակ, Ալիեւը հավաստիացրել է, որ, չնայած բանակցային գործընթացում նկատվող դինամիկային, որ արտացոլված է երկու երկրների արտգործնախարարների վերջին չորս հանդիպումներում, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի երեք հանդիպումներում, «Երեւանը սուբստանտիվ բանակցություններ վարելու լուրջ ցանկություն չի ցուցաբերում և ամեն կերպ փորձում է խոչընդոտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»:
«Շատ կարեւոր է, որպեսզի միջազգային հանրությունը լուրջ ճնշում գործադրի Երեւանի նկատմամբ` բանակցային գործընթացում առաջընթացի հասնելու և Հայաստանի զինված ուժերի դուրսբերումը ապահովելու նպատակով», - ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:


