Արմինֆո. Եվրոպական գործընկերները պատրաստ են աջակցել Հայաստանի նոր կառավարությանը նախանշված բարեփոխումների իրականացման գործում: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մարտի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
Դոնալդ Տուսկը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին 2018 թվականի դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակից եւ նոր կառավարության ձեւավորումից հետո իր այցի համար: Ինչպես ընդգծել է Եվրախորհրդի ղեկավարը, նոր կառավարությունը նպատակաուղղված է եվրոպական արժեքների վրա հիմնված բարեփոխումների իրականացմանը, ինչը հատկապես գնահատում են եվրոպական գործընկերները: «Ես հիանում եմ երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու եւ ժողովրդավարություն հաստատելու ձեր վճռականությամբ», - հայտարարել է Տուսկը: Եվրախորհրդի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի ժողովրդավարության հաստատման եւ Հայաստանի բնակչության բարօրության ապահովման համար: «Իսկ մենք ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի շրջանակներում մտադիր ենք աջակցել ձեզ եւ հայ ժողովրդին», - նշել է նա, ընդգծելով, որ աջակցությունը կարող է լինել ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆինանսական:
Եվրոպական պաշտոնյան ողջունել է նաև կոռուպցիայի դեմ պայքարելու և Հայաստանում օրենքի գերակայություն հաստատելու Հայաստանի նոր կառավարության պատրաստակամությունը: