Արմինֆո. Բրյուսելի հետ հարաբերություններում Թեհրանը որոշ առումով ակնկալում է Երևանի աջակցությունը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ նախկին փոխարտգործնախարար Արման Նավասարդյանը:
<Առաջին հերթին նման սպասումները պայմանավորված են Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին միանալու՝ եվրոպական երկրների մեծ մասի հրաժարմամբ: Այս առումով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցը, անշուշտ, հետաքրքրություն է ներկայացրել իրանական ղեկավարության համար: Կարծում եմ՝ այդ թեման քննարկվել է նաև ԻԻՀ Փաշինյանի այցի ընթացքում>,- ընդգծել է նա:
Միաժամանակ, Նավասարդյանի խոսքով, ՀՀ վարչապետի Իրան այցը լիովին կարող է նոր խթան հաղորդել հայ-իրանական հարաբերությունների հետագա խորացմանը՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանի նշանակությունն ԻԻՀ համար՝ որպես տարածաշրջանային կարևոր գործընկեր: Ըստ նրա, Թեհրանն առաջին հերթին շահագրգռված է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության խորացմամբ՝ ԵԱՏՄ այլ երկրներ հետագա պրոյեկցմամբ: Դիվանագետի կարծիքով, Փաշինյանի Իրան այցը թույլ տվեց գործընկեր երկրներին արձանագրել հարաբերությունների գոյություն ունեցող մակարդակը, նախանշել դրանց զարգացման նոր ուղղություններն ու փուլերը: Մասնավորապես, ըստ նրա, Թեհրանին հետաքրքրում է Հայաստանի նոր ղեկավարության՝ հարաբերությունների շարունակման և զարգացման պատրաստակամության աստիճանը, ինչպես նաև Երևանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Մեկնաբանելով Հայաստանի տարանցիկ հեռանկարները՝ դիվանագետն ընդգծել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հազիվ թե այդքան բարձր մակարդակով խոսեր Հայաստանով գազի տարանցման հնարավորության մասին՝ առանց Վրաստանի և Ռուսաստանի հետ նախնական պայմանավորվածության:
<Այդ նախագծի իրականացումը, անշուշտ, բավականաչափ ժամանակ և երկարատև բանակցություններ է պահանջում: Պետք է կարգավորվեն սակագներին, ԱՄՆ հետ Հայաստանի հարաբերություններին առնչվող հարցերը, ինչպես նաև աշխարհաքաղաքական բնույթի մի շարք այլ խնդիրներ: Միաժամանակ նախագծի հաջող իրականացումը տարածաշրջանային մակարդակի աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների կհանգեցնի, Մասնավորապես՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների մասով>,- ամփոփել է դիվանագետը: