Արմինֆո. Հաղորդավար Համլետ Ղուշչյանի կողմից իրեն առևանգելու և իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու հանձնարարությամբ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նշենք, որ նախօրեին ԶԼՄ-ները հրապարակել էին Ղուշչյանի հարցազրույցը, որում նա խոստովանել է, որ տարիներ առաջ իրեն առևանգել են Սամվել Ալեքսանյանի մարդիկ: <Ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք։ Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ՝ կրակի, արա, որ բերել ես կրակի, որովհետև հետո Աստված քեզ պատժելու է, թե ոչ մեկն էլ չպատժիե։ Համլետ Ղուշչյանը հայտնել է, որ ատրճանակը պահել է անձամբ Սամվել Ալեքսանյանը>,- ասել է Ղուշչյանը: