Արմինֆո.Հայաստանին անհրաժեշտ է ստեղծել ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 4-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո պատասխանելով հանձնաժողովի անդամների հարցերին:
<Անշուշտ, պետք է շարունակենք կատարելագործել ընտրական համակարգը, ուստի այդ ուղղությամբ մենք պետք է արդյունավետ համագործակցենք Եվրոպական միության հետ: Մենք տեսնում ենք, որ մեր եվրոպական գործընկերները պատրաստ են աջակցել մեզ: Այստեղ ես կուզենայի ընդգծել, որ մենք պատրաստ ենք ամբողջությամբ իրագործել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, քանի որ համոզված ենք, որ այն լիովին համապատասխանում է մեր ներքին օրակարգին և նպատակներին>,- ասել է նա:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ՀՀ վարչապետը նշել է, որ այն չափազանց կարևոր է կառավարության համար՝ երկրում օրենքի գերակայություն հաստատելու առումով: Նրա խոսքով, հարուցվել են մի շարք քրեական գործեր նախկին պաշտոնյաների նկատմամբ: <Այդ ուղղությամբ բացահայտումները կշարունակվեն, և դատարանները պետք է որոշեն այդ քրեական գործերի ճակատագիրը: Այդ առումով չափազանց կարևոր է ապահովել դատարանների անկախությունը>,- հայտարարել է նա:
Նրա խոսքով, նոր կառավարությունն սկզբից ևեթ ջանքեր է գործադրել՝ վերջ դնելու դատարանների որոշումների վրա ազդելու արատավոր գործելակերպին: <Բայց ես վստահ չեմ, որ նախկին իշխանությունները, կամ եթե կուզեք օլիգարխիան, այլևս չեն օգտվում դատարանների որոշումների վրա ազդելու իրենց լծակներից ու գործիքներից: Այդուհանդերձ, մենք չենք պատրաստվում որևէ կերպ ներգործել դատարանների որոշումների վրա. մեր նպատակն է դատական համակարգը դարձնել իրապես անկախ:
Պետությունից թալանված միջոցները պետք է վերադարձվեն, և մենք հուսով ենք, որ մեզ կհաջողվի արդյունավետ համագործակցություն ծավալել Եվրոպական միության հետ այդ նպատակին հասնելու համար: Մեզ համար չափազանց կարևոր է, որ ԵԱՀԿ-ը խոստացել է օգնել Հայաստանի կառավարությանը՝ հանրային միջոցները պետությանը վերադարձնելու հարցում>,- ընդգծել է Փաշինյանը: