Արմինֆո. Իշխանությունը ձգտելու է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանել, բայց ոչ թե՝ համոզմունքներից ելնելով, այլ՝ իրենց համար առավել ընդունելի ընտրության բացակայության պատճառով։ <168 Ժամ>-ին հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը:
Նա նշել է, որ դա անհետևողականության, լղոզվածության և էկլեկտիկության է հանգեցնելու արտաքին քաղաքական խնդիրների իրագործման ժամանակ։ <Այդ իրավիճակը տեսանելի է արդեն այսօր։ Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանական նոր թիմի և ռուսական էլիտայի աշխարհընկալումները տրամագծորեն տարբերվում են, և այդ հանգամանքն անընդհատ ներկա է լինելու երկկողմ հարաբերություններում։ Մենք գործ ունենք Սորոսի սաների հետ, որոնք, ցավոք, վատ են ճանաչում և վատ են հասկանում Ռուսաստանն ու նրա մշակույթը>,- ընդգծել է ՀՀ երկրորդ նախագահը:
Անդրադառնալով Հայաստանի համար ռուսական գազի գնի թանկացմանը՝ Քոչարյանը նշել է. <Խնդիրն իսկապես սկզբունքորեն լուծված է՝ գազը թանկացել է։ Այս թանկացման համար ուղղակի կամ անուղղակի ձևով վճարելու են հայաստանցի սպառողները, որքան էլ որ իշխանությունները փորձեն իրավիճակն այլ կերպ ներկայացնել>: