Արմինֆո.Մնալով հավատարիմ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր սկզբունքներին՝ ս.թ. մարտի 2-ին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) կազմակերպեց Բաց դռների օր: Միջոցառման նպատակն էր բարձրացնել Հայաստանի քաղաքացիների ֆինանսական գրագիտության մակարդակը և խթանել իրազեկությունը բանկային ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ։
Միջոցառման ընթացքում մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին HSBC Հայաստանի մասնագետներին մի շարք թեմաների, ինչպես օրինակ՝ ֆինանսների և խնայողությունների արդյունավետ կառավարման, սպառողների իրավունքների պաշտպանության, բանկային պրոդուկտների հետ կապված ռիսկերի գնահատման և կառավարման, ծախսերի օպտիմալացման և այլնի վերաբերյալ։
HSBC-ն կարևորում է ֆինանսական գրագիտությունը՝ որպես ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու կարևոր գրավականներից մեկը։ 1996 թվականին Հայաստանում հիմնադրվելուց ի վեր HSBC Հայաստանն իրականացրել և ֆինանսավորել է աշակերտների և ուսանողների շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված մի շարք ծրագրեր, այդ թվում՝ «Անգլերենը և աշխատանքային հմտությունները կարիերայի զարգացման համար» Բրիտանական խորհրդի և «Աշակերտական գործարար ընկերություն» Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության հետ համատեղ։ Բացի այդ HSBC Հայաստանի աշխատակիցները տարբեր ծրագրերի շրջանակներում կամավոր սկզբունքներով մեկ տարվա ընթացքում իրականացրել են ընդնահուր 1800 ժամ տևողությամբ ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված դասընթացներ Հայաստանի տարբեր մարզերում։