Արմինֆո. Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունում Ռուսաստանի ներգրավումն իդեալական քայլ է՝ Հայաստանի տարածաշրջանային նշականության բարձրացման տեսակետից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:
<Այս առումով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի թեհրանյան քննարկումներն Իրանի և ԵԱՏՄ միջև ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի իրականացման շուրջ չափազանց կարևոր են: Հաշվի առնելով, որ Հայաստանն ԻԻՀ հետ սահմանակից ԵԱՏՄ միակ երկիրն է, այդ համաձայնագիրը մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի առաջ>,- ընդծել է նա:
Իրանագետի կարծիքով, ԵԱՏՄ հիմնադիր Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական հարաբերությունները բարձրացնում են Հայաստանի կշիռը՝ ԵԱՏՄ անունիվ հանդես գալու հնարավորություն տալով Երևանին: Այսպիսով՝ ինչպես Մոսկվայի հետ երկկողմ համագործակցությունը, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունն իր հերթին նպաստում է հայ-իրանական հարաբերությունների խորացմանը:
Փետրվարի 27-28-ը այցով Իրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է գազի մատակարարումների համար տարանցիկ երկիր դառնալու ՀՀ պատրաստակամության մասին: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին իր հերթին նշել է, որ Իրանը պատրաստ է ավելացնել Հայաստան գազի մատակարարումների ծավալները, ինչպես նաև եռակողմ համագործակցություն ծավալելու` գազը արտահանելու դեպի Վրաստան:
Մեկնաբանելով հայ-իրանական հարաբերությունների խորացման առնչությամբ ԱՄՆ արձագանքի հնարավոր հետևանքները՝ իրանագետը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև բազմադարյա համագործակցությունը գործնականում որևէ կերպ այդ գործընթացին դիմակայելու շանս չի թողնում Վաշինգտոնին:
<Խոսքը վերաբերում է քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային փոխգործակցությանը, մեր ժողովուրդների ընդհանրությանը: Շատ կարևոր է, որ մեր երկրների քաղաքական մերձեցման հիմքում համանման դիրքորոշումներ են միջազգային հարաբերություններում մի շարք առանցքային խնդիրների առնչությամբ>,- ասել է իրանագետը:
Համաձայն Հայաստանում Իրանի առևտրի կցորդ Մոհսեն Ռահիմիի՝ 2018 թ. արդյունքներով Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 364 մլն դոլարի, ինչն աննախադեպ է ցուցանիշ է 1991 թվականից ի վեր: Այդ ծավալից 269 մլն դոլարը բաժին է ընկել Հայաստան իրանական արտահանմանը: