
Արմինֆո. «Արդյո՞ք ես իրազեկված եմ եղել Պետական վերահսկողական ծառայությունում կոռուպցիոն գործարքի մասին: Դուք ցանկանում եք, որպեսզի ես հանցագործության մասին հաղորդում տամ, թե՞ իմ դեմ վկայություն՚, - հարց է տվել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը` փետրվարի 28-ին կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով մեկնաբանելով իր գլխավորած գերատեսչության աշխատակիցների ձերբակալության մասին տեղեկատվությունը:
Սանասարյանի ասելով, այս օրերին շատերը հասցրեցին իր մասին դամբանագիր հորինել: «Սակայն ասեմ ձեզ, որ գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու՚, - հայտարարել է նա: ՊՎԾ ղեկավարն ընդսմին կոչ է արել հիշել, որ անկախ պետական ծառայողի անձից, օրենքի առջև բոլորը հավասար են: Բացի այդ, ինչպես նշել է Սանասարյանը, Դավիթ և Սամվել Ադյանները (ըստ ԶԼՄ-ների` ԱԱԾ-ն նրանց ձերբակալել է) ՊՎԾ օրինակելի և լավագույն աշխատակիցներ են, իսկ նրանց մեղքը դեռ պետք է ապացուցել: Այդ առնչությամբ Դավիթ Սանասրյանը ԱԱԾ-ի իր գործընկերներին կոչ է արել նախաքննական փուլում պահել գաղտնիությունը: «Մուտիլովկաների դեմքով, մուտլովկաներով հայտնի մարդկանց ձեռքում չպետք է հայտնվեն նման ինֆորմացիաները»,- հայտարարել է նա: Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հավաստմամբ, գերատեսչությունը կշարունակի հեմոդիալիզի շուկայի վիճակի ուսումնասիրությունը` ի շահ պետության և մարդկանց, անկախ այն բանից, թե ում ոտքը կտրորի:
Ավելի վաղ հաղորդվել էր ՊՎԾ չորս աշխատակիցների ձերբակալության մասին: դրանից հետո ՊՎԾ հանդես եկավ պարզաբանումներով, նշելով, որ մամուլում տարածված տեղեկատվությունը ներկայացված է խեղաթյուրված, մասնավորապես, Դավիթ Ադյանը կատարում է իր պարտականությունները, սակայն ՊՎԾ երկու աշխատակիցներ, իրոք, ձերբակալվել են: Գերատեսչությունում նշել են, որ ՊՎԾ-ն այս օրերին ուսումնասիրություն է իրականացնում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, կապված հեմոդիալիզի պարագաների ձեռք բերման գնումների գործընթացի հետ, և ուսումնասիրության ավարտին օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք: Միևնույն ժամանակ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատություն՚ ռադիոկայանի եթերից հայտարարել է, որ ԱԱԾ հայտարարություն է ներկայացրել մի քանի բժշկական կենտրոններում գնումների գործընթացին միջամտության առնչությամբ: Ըստ ԶԼՄ-ների, ավելի վաղ բժշկական հաստատություններին դիալիզի սարքավորում մատակարարող «Ֆրիզանյուզ՚ ընկերության ղեկավարը հայտարարել է, թե Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը մի շարք փոփոխություններ է կատարել գնումների ընթացակարգում, ինչի արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվ ել «Զառշեն՚ ընկերությունը, որը մատակարարում է կահույք և, տեղեկությունների համաձայն, առնչություն ունի ՊՎԾ աշխատակիցների հետ: