


Արմինֆո. ԵԱՀԿ գործող նախագահի ղարաբաղյան հակամարտության գծով անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի մանդատը երկարաձգվել է ևս մեկ տարով: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը:
«Ես վերանշանակել եմ Անջեյ Կասպրշիկին որպես հակամարտության գծով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, մենք հավատում ենք Մինսկի գործընթացին և շարունակելու ենք մեր աջակցությունը, որն անհրաժեշտ է հաջողության համար»,- ասել է Լայչակը, հաղորդում է Report-ը:
Հավելենք, որ Անջեյ Կասպրշիկի մանդատն այդ պաշտոնում երկարաձգվում է արդեն 23-րդ անգամ: Դիվանագետն այդ պաշտոնում աշխատում է 1997 թվականի հունվարից:


