Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսվել Երևանում գործող լրատվամիջոցներին պետության կողմից անհատույց տրամադրված տարածքներից ազատելու իրավաչափության առնչությամբ՝ հաշվի առնելով, որ հարցն առնչվում է լրատվամիջոցների գործունեությանը:
ԶԼՄ-ներում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեի շենքում գործող լրատվամիջոցները ստացել են ծանուցում անհատույց օգտագործման իրավունքով զբաղեցրած տարածքներն անհիմն ազատելու վերաբերյալ։
Նույնաբովանդակ գրություններ են ստացել նաև Երեւանի Արշակունյաց 2 և Իսահակյան 28 հասցեներում գործող լրատվամիջոցները Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեից։
Հաշվի առնելով, որ կարծիքի արտահայտման ազատության երաշխավորումն ու լրագրողի գործունեության պաշտպանվածությունը Մարդու իրավունքների պաշտպանի համար ունի կարևորագույն նշանակություն՝ Արման Թաթոյանը պարզաբանումներ է պահանջել Երևանի քաղաքապետից, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարից՝ առաջադրելով կոնկրետ հարցադրումներ:
Նշենք, որ Բյուզանդի 1/3 հասցեում են գտնվում <Հրապարակ> թերթի, А1+ հեռուստաալիքի, ԱՌԿԱ լրատվական գործակալության, <Հետք> պարբերականի, <Հայելի> ակումբի խմբագրությունները: Հիշեցնենք, որ ավելի վաղ համանման իրազեկումներ են ստացել Արշակունյաց 2 և Իսահակյան 28 հասցեներում գտնվող որոշ ԶԼՄ-ներ, /այդ թվում՝ ԱրմԻնֆո ԼԳ-ն/, որոնք գտնվում են Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում: