Արմինֆո. ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում առկա լարվածությունն էապես ազդում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայ կառուցողական կուսակցության առաջնորդ Անդրիաս Ղուկասյանը:
1992 թվականից ի վեր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների կողմից: 1994 թվականին Հրադադարի ռեժիմի հաստատման շուրջ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո այս բոլոր տարիներին շփման գծում սպանությունները ընդմիջվել են հաշտությանը նպատակաուղղված բանակցություններով: Սակայն, նախորդ տարեվերջից սկսած, սպանությունները, գործնականում, դադարել են, իսկ ԵԱՀԿ ՄԽ միջնորդները, Բաքուն ու Երևանն սկսել են խոսել հակամարտության կողմերին հաշտության նախապատրաստելու անհրաժեշտության մասին:
«Իմ կարծիքով, հենց երկու գերտերությունների փոխհարաբերությունների էական փոփոխություններն են կարգավորման ներկա փուլի գլխավոր առանձնահատկությունը: Որոշակի հարցերի շուրջ նախկինում գոյություն ունեցող փոխըմբռնումից Վաշինգտոնն ու Մոսկվան վերադարձել են Սառը պատերազմի շրջան: Սա շատ էական է, քանի որ այսօր 1985 թվականին ստորագրված Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման շուրջ պայմանագրից կողմերի հրաժարվելը տանում է դեպի ԵԱՀԿ շրջանակում ստորագրված փաստաթղթերի իրավական հիմքի վերանայում՚, - ընդգծել է նա:
Միևնույն ժամանակ, վերլուծաբանը փաստում է Ղարաբաղի շուրջ իրավիճակի որոշակի փոփոխություների առկայությունը: Երևանն ու Բաքուն առաջվա նման համաձայն չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների առաջարկած կարգավորման տարբերակներին: Սակայն, եթե նախկինում վերջնական հաշտությանը նպատակաուղղված միջոցառումների իրագործման վերաբերյալ առաջարկությունները բավականին երկար ժամանակ մերժում էր Ադրբեջանը, ապա այսօր այդ դերն աստիճանաբար ստանձնում է Երևանը:
Միայն Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը նրան թույլ է տալիս համարձակորեն մերժել Մինսկի խմբի միջնորդների առաջարկությունների այն մասը, որը չի բխում հայկական երկու հանրապետությունների շահերից: Մինչդեռ նրա նախորդը` Սերժ Սարգսյանը, չուներ նման լեգիտիմություն, ինչն արտահայտվում էր Ղարաբաղի շուրջ հայ բանակցողների ավելի փափուկ դիրքորոշմամբ: Այդպիսով, ստատուս-քվոյի պահպանումն այսուհետև ոչ թե Ալիևի, այլ Փաշինյանի առանձնաշնորհն է՚, - ամփոփել է Ղուկասյանը:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը գրեթե մեկ տարում 5 անգամ հանդիպել է Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ: Միևնույն ժամանակ, Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո հասցրել է երեք անգամ հանդիպել Իլհամ Ալիևի հետ, ընդ որում, բոլոր երեք հանդիպումները եղել են ոչ պաշտոնական բնույթի: