Արմինֆո. «Իրանը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է: Բնականաբար, մենք հետևում ենք Իրանի շուրջ տեղի ունեցող բոլոր զարգացումներին՚, - հայտարարել է Հայաստանի վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը «Իռնա» իրանական լրատվական գործակալության հետ հարցազրույցում` պատասխանելով Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կապակցությամբ Հայաստանի կառավարության դիրքորոշման վերաբերյալ հարցին:
«Ինչպես տեղյակ եք՝ 2015թ. Հայաստանն առաջին երկրներից էր, որ ողջունեց Իրանի միջուկային ծրագրի ընդունումը, քանի որ Հայաստանը շարժվում էր այն տեսլականով, թե ինչ հնարավորություններ են բացվում ինչպես տարածաշրջանի կայունացման, այնպես էլ տարածաշրջանում համագործակցության առումով: Բնականաբար, Իրանի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները մտահոգիչ են նաև մեզ համար: Այս պայմաններում Հայաստանը շարունակում է սերտորեն համակարգված աշխատել, բաց երկխոսություն վարել և՛ իրանական կողմի, և՛ գործընթացում ներգրավված մյուս բոլոր կողմերի հետ: Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը, մեր մտահոգությունները և դրանցով պայմանավորված մեր դիրքորոշումը: Մենք վստահ ենք, որ Հայաստանի կառուցողական վերաբերմունքը կարող է դրական գործոն լինել առաջացած հիմնախնդիրների համար լուծումներ գտնելու առումով՚, - ընդգծել է Հայաստանի վարչապետը: