Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը, անշուշտ, բազմաթիվ հանդիպումներում ունեն խոսելու բան: Պայմանավորվելու բան առայժմ չկա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան, Կովկասի գծով փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը:
«Այս թեզի անուղղակի ապացույցը Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների այդպես էլ չկայացած հանդիպումն էր Մյունխենի անվտանգության խորհրաժողովում: Եվ դա` չնայած այն հանգամանքին, որ երկուսն էլ միևնույն ժամանակ գտնվում էին Բավարիայի մայ րաքաղաքում: Սակայն, առաջին հայացքից, ստեղծված պայմաններում արդյունքի այդպիսի բացակայությունը, նույնպես, յուրօրինակ արդյունք է՚, - կարծում է վերլուծաբանը:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը գրեթե մեկ տարում 5 անգամ հանդիպել է Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ: Վեցերորդ հանդիպումը սպասվում էր Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի հարթակներում, սակայն, այս անգամ Մնացականյանն ու Մամեդյարովը չօգտվեցին ընձեռված հնարավորությունից: Միևնույն ժամանակ, Հայայստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո հասցրել է երեք անգամ հանդիպել Իլհամ Ալիևի հետ, ընդ որում, բոլոր երեք հանդիպումները եղել են ոչ պաշտոնական բնույթի:
Մարկեդոնովի գնահատմամբ, հակամարտության մոտալուտ կարգավորման օգտին լավատեսական կանխատեսումները նույնքան հիմնավորված չեն, որքան Հայաստանի կառավարության քննադատների տագնապայնությունը: Վերջինները հիմնավորապես ուռճացնում էին տագնապային տրամադրությունները` արտգործնախարարների լավատեսությունն ընկալելով որպես չհիմնավորված զիջումների նախաշեմ: Բանակցային գործընթացում գործերի իրական վիճակը, վերլուծաբանի կարծիքով, արտացոլել է փետրվարի սկզբին է խորհրդարանում Մնացականյանի արած հայտարարությունը, որի համաձայն, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի պաշտոնական հանդիպման հարցում շտապելու հարկ չկա:
«Այդ իմաստով, Մյունխենը, ակնհայտորեն, ոչ մի նոր բան չբացահայտեց` միայն հաստատելով լավ հայտնի միտումը: Իսկ, հաշվի առնելով, որ Փաշինյանի և Ալիևի համար առայժմ դժվար է անցնել բովանդակային բանակցությունների, այսօր ամենաբարձր բանակցային ձևաչափը մնում է հենց արտգործնախարարների մակարդակը: Ոչ պաշտոնական հանդիպումներն ավելի հարմար են մարտավարական քննարկումների համար, քանի որ ռազմավարական որոշումը, ըստ երևույթին, համաձայնեցված չէ՚, - ընդգծել է նա:
Վերլուծաբանի գնահատմամբ, Հայաստանում և Ադրբեջանում պետականության անավարտ կայացման պայմաններում քաղաքական գործիչներին մեծամասնության աջակցությունը տրվում է հաշտության հասնելու համար, որը, առնվազն, չմեկնաբանվեր որպես ազգային պարտություն: Հակամարտող երկրների ժողովրդավարական ընդդիմությունը Ղարաբաղի հարցում հաճախ հանդես է գալիս ավելի կոշտ դիրքերից, քան իշխանությունը, պարզապես, այն պատճառով, որ այն, ի տարբերություն իշխանության, ներգրավված չէ բանակցային գործընթացում և պատասխանատվություն չի կրում հայտարարությունների և քայլերի համար:
1992 թվականից ի վեր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների կողմից: 1994 թվականին Հրադադարի ռեժիմի հաստատման շուրջ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո այս բոլոր տարիներին շփման գծում սպանությունները ընդմիջվել են հաշտությանը նպատակաուղղված բանակցություններով: Սակայն, նախորդ տարեվերջից սկսած, սպանությունները, գործնականում, դադարել են, իսկ ԵԱՀԿ ՄԽ միջնորդները, Բաքուն ու Երևանն սկսել են խոսել հակամարտության կողմերին հաշտության նախապատրաստելու անհրաժեշտության մասին: