Արմինֆո. Կրկին թեժացնել <սառեցված> ղարաբաղյան հակամարտությունը ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս, այդ թվում՝ Բաքվին: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Մերձավոր Արևելքի ինստիտուտի /Մոսկվա/ նախագահ Եվգենի Սատանովսկին:
<Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն, իհարկե, կարող է վերսկսել մարտական գործողությունները, սակայն հաղթել այդ պատերազմում, գրավել Ղարաբաղն ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող: Թույլ չեն տա արցախցիները՝ այնտեղի բնակչությունը, որի հետ ծանոթանալու հնարավորություն եմ ունեցել: Սա կանխատեսում չէ, ես ընդամենը հավաստում եմ այն, ինչ տեսնում եմ, մնացածն իրականության հետ որևէ առնչություն չունեցող խոսակցություններ են>,- ընդգծել է նա:
Ըստ որում, խաղաղ կարգավորման հնարավորություններ նույնպես, չնայած խաղաղության ձեռքբերմանն ուղղված բանակցությունների մասին հաճախակիացած խոսակցություններին, վերլուծաբանն այսօր չի տեսնում: Հակամարտության կողմերը, նրա խոսքով, շարունակում են հավատարիմ մնալ իրենց դիրքորոշումներին: Եվ բացառելով հակամարտության ուժային կարգավորման տարբերակը և ղարաբաղցիներին լայն ինքնավարություն տրամադրելու Բաքվի առաջարկը, ինչին ղարաբաղցիները կտրականապես համաձայն չեն, մնում է չոր մնացորդ՝ ստատուս-քվոյի տեսքով:
<Մնում է Ղարաբաղի և այլ նման ազգային ինքնավարությունների՝ հետխորհրդային տարածությունում ձևավորված միասնական պետության մեջ մտնելու դեպքում հակամարտության կարգավորման տեսական հնարավորությունը: Սակայն, նման սցենարի գործնական հավանականությունը չափազանց ցածր է: Բայց բոլոր այդ իրողությունները քաղաքական գործիչները երբեք չեն ընդունի, բայց դրանից իրողությունները չեն փոխվում: Այդ պատճառով դրանց հետ կարելի է միայն համակերպվել>,- ամփոփել է Սատանովսկին: