Արմինֆո. Փետրվարի 18-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ ծառայող և հայտնել, որ «Արմենիա» ՀԲԿ-ից փախուստի է դիմել բուժման մեջ գտնվող, դատապարտյալ 1974 թ. ծնված Հայկ Գալստյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից, մեկնած Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Հ. Գալստյանը նշված ՀԲԿ 2-րդ հարկում գտնվող հիվանդասենյակից, սավանով կախվելով, դիմել է փախուստի:
«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի և Արաբկիրի բաժինների և ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, համագործակցելով ՔԿՀ աշխատակիցների հետ, իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 19-ին, ժամը 01.30-ին, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի վարչական տարածքում Հայկ Գալստյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Հայկ Գալստյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Կատարվում է նախաքննություն՚, - ասվում է հաղորդագրությունում: