Արմինֆո. Իրանի շուրջ Հայաստանի և ԱՄՆ-ի փոխըմբռնումը բացառում է Վաշինգտոնի հակազդեցությունը Սիրիա հայկական զորակազմի ուղարկմանը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել իսրայելցի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը:
«ԱՄՆ չի կարող անտեսել այդ փոխըմբռնումը, հատկապես, հաշվի առնելով այն հնարավորությունները, որ Երևանը տրամադրում է ամերիկացիների համապատասխան գործունեության իրականացման համար: Այստեղ ավելորդ չէ նշել Հայաստանում ԱՄՆ դեսպանության չափերն ու հզոր ենթակառուցվածքը: Ու նաև, անշուշտ, Հայաստանը ԱՄՆ համար ամենևին վատ հնարավորություններ չունի` Ռուսաստանի, Վրաստանի և հենց նույն Իրանի հետ սեփական կապերի լույսի ներքո: Նման քեյսը ենթադրում է ԱՄՆ հաշվեկշռված քաղաքականություն, որը նպատակաուղղված է Հայաստանի և Հայաստանում սեփական ներկայության ամրապնդմանը՚, - ընդգծել է Էսկինը:
Իսրայելցի քաղաքագետը Սիրիայում մարդասիրական առքելությանը հայ զինվորականների մասնակցությունը պայմանավորում է, նախևառաջ, սիրիահայերին աջակցելու Հայաստանի շահերով: Միևնույն ժամանակ, նրա գնահատմամբ, սիրիական հակամարտությանը Երևանի մասնակցության բավականին համեստ մասշտաբները տեղ չեն թողնում Վաշինգտոնի առանձնապես կտրուկ արձագանքի համար, բացառությամբ, թերևս, դեկլարատիվ բնույթի:
Էսկինը ռուսական զորակազմի շրջանակում Հայաստանի սիրիական առաքելությունը դիտարկում է նաև որպես Ռուսաստանի հետ ավանդաբար լավ հարաբերությունների հաստատում: Նրա գնահատմամբ, Երևանում իշխանափոխությունից հետո ողջ ժամանակահատվածում նոր կառավարությունը չի ձեռնարկել որևէ քայլ, որը կարող էր հակառուսական գնահատվել Մոսկվայի կողմից:
Փետրվարի 13-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանության հրապարակած հայտարարությունում նշվում է, որ Պետդեպարտամենտը չի պաշտպանում ոչ ռազմական, ոչ մարդասիրական համագործակցությունը Սիրիայի բանակի հետ: Ընդ որում, Պետդեպարտամենտն ըմբռնումով է վերաբերվում Սիրիայում առկա իրավիճակին արձագանքելու այլ երկրների ձգտումը և կիսում է Մերձավոր արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության առնչությամբ մտահոգությունը:
Փետրվարի 14-ին Հայաստանի պաշտպաննության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողներին հայտարարել է, որ Սիրիայում մարդասիրական առաքելությունն իրականացվում է օրենքին համապատասխան: «Կան որոշակի աշխարհաքաղաքական հակասություններ, սակայն Սիրիայի ժողովրդին աջակցելը, որի մասն է հայ համայնքը, անհրաժեշտ է: Այդ թեման չի կարող շահարկման առիթ լինել՚, - ընդգծել է նախարարը: