Արմինֆո.«Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ միայն փաստերի հիման վրա խոստացված անաչառ, անկողմնակալ ֆիլմը՚ չի ստացվել, գրել է հայտնի լրագրող, հրապարակախոս և գրող Աշոտ Գազազյանը «Նեզավիսիմայա գազետայում՚ հրապարակված իր «Մարտի 1-ի գործ՚ ֆիլմի մասին հեղինակային հոդվածում:
Հեղինակը հիշեցնում է, որ «Մարտի 1-ի գործ՚ ֆիլմը, որի սցենարի հեղինակը ռուսաստանցի հեռուստահաղորդավար Ռոման Բալայանն ու Անտոն Գրիշինն են, իսկ ռեժիսորը` Դմիտրի Նովոկշոնովը, պատմում է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների մասին, երբ Երևանում 10 մարդ զոհվեց, իսկ 200-ից ավելին վիրավորումներ և տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացան:
Գազազյանը, որը ֆիլմում մեկնաբանում է այն օրերի իրադարձությունները, գրում է, որ ֆիլմում առաջ է մղվում այն վարկածը, թե ողջ կատարվածի համար պատասխանատվությունն ընկնում է այն ժամանակվա ընտրություններում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի և իր կողմնակիցների վրա` ներառյալ Հայաստանի այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ֆիլմի վերջնական վարկածում այլ կարծիքներ չեն ներկայացվել: Դա, բնականաբար, վրդովմունք է հարուցել ողբերգական իրադարձությունների ականատեսների, մասնակիցների շրջանում, որոնք, չխնայելով ժամանակն ու հոգևոր ուժերը, ևս մեկ անգամ արթնացնում են այն հիշողությունները` հանուն ֆիլմում կատարված գնահատականի օբյեկտիվ վերարտադրման: Սակայն դրա փոխարեն նրանք, որոնք մեծ մասամբ արյունահեղության համար գլխավոր մեղավոր են համարում այն ժամանակվա իշխանությանը, նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հայտնվեցին մի տեսակ, հավանաբար, որոշակի մտահղացմամբ և միանշանակ նպատակով կազմակերպված շոուի մասնակիցների վիճակում:
Հրապարակախոսը նշում է, որ ֆիլմի առնչությամբ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդական խորհուրդը: Հայ մեդիափորձագետները, մասնավորապես, նշեցին, որ ֆիլմի հեղինակները անցել են մի շարք «կարմիր գծեր՚, որոնք գծագրում են պրոֆեսիոնալ, որակյալ լրագրության և, այդ թվում, վավերագրական կինոյի սահմանները: Ֆիլմի մանսակիցների վկայությունները, որոնք վավերագրորեն ներկաայցվել են դիտորդական խորհրդին, թույլ են տալի պնդել, որ ֆիլմի հեղինակները չարաշահել են մարդկանց վստահությունը: Թեև 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքների մասնակիցներից երկուսը ` Արամ Մանուկյանն (ընդդիմադիր «Հանրապետություն՚ կուսակցության նախագահ, Լևոն Տեր-Պետրոսյանի դաշնակից) ու Վլադիմիր Կապարետյանը (Հայաստանի ԱԳՆ նախկին մամուլի քարտուղար), ներկայացված են ֆիլմում, սակայն, նրանց պնդմամբ, իրենց ասածից հանվել են այն մասերը, որոնց համապատասխան, ողբերգության համար պատասխանատվություն են կրում Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները: Բացի այդ, Մանուկյանը և Կարապետյանը ասում են, որ մոլորության մեջ են դրվել «ֆիլմի իրական հեղինակների և ուղղվածության առնչությամբ՚:
«Ես չգիտեմ, թե Ռուսաստանում ում կարող էր հետաքրքրել «Մարտի 1-ի գործ՚ աշխատանքը: Իսկ Հայաստանում այն, պետք է ենթադրել, ուրախացրել է բնավ ժողովրդականություն չվայելող նախկին իշխանությունների կողմնակիցների բավականին նեղ շրջանակի: Իսկ հանդիսատեսների ճնշող մեծամասնության շրջանում ֆիլմը հարուցել է կտրուկ հակազդեցություն: Չէինք ցանկանա, որպեսզի այն դառնար Երևանի և Մոսկվայի հարաբերություններում ևս մեկ խոչընդոտ և գրգռիչ՚, - իր հոդվածում նշել է Աշոտ Գազազյանը: