Արմինֆո.Հայաստանում քննարկումներ են ընթանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացում Արցախի ներգրավման ձևերի և մեթոդների շուրջ: Այդ մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, բանակցային գործընթացում Արցախի ներգրավման այդ ձևերը և մեթոդները կքննարկվեն միջազգային գործընկերների հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Արցախի ժողովրդի կարծիքը և դիրքորոշումը վճռորոշ նշանակություն կունենա իր ճակատագիրը որոշելու հարցում: ՀՀ իշխանությունները չեն կարող հանդես գալ Ղարաբաղի իշխանությունների անունից, որի ժողովուրդը չի ընտրել Հայաստանի խորհրդարանը, չի ձևավորել կառավարությունը: <Մենք չունենք մանդատ բանակցություններում ներկայացնելու Ղարաբաղը: Այնուամենայնիվ, Հայաստանը կշարունակի հանդես գալ՝ որպես Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր>,- հայտարարել է ՀՀ վարչապետը:
Այս առնչությամբ, կառավարության ղեկավարի խոսքով, կարևոր է Արցախի ներգրավումը բանակցային գործընթացում: Իսկ Ադրբեջանի պնդումները՝ այդ դեպքում բանակցային գործընթացում Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներգրավման վերաբերյալ, զուրկ են առողջ բանականությունից: <Այդ համայնքի ներկայացուցիչներն ընտրել են Ադրբեջանի թե նախագահին, թե խորհրդարանը, և եթե նրանք ներգրավվեն բանակցային գործընթացում, այդ դեպքում ո՞ւմ են ներկայացնելու հարևան պետության իշխանությունները>,- հարց է տալիս Փաշինյանը՝ ավելացնելով, որ մասնակցելուվ ընտրական գործընթացներին՝ ադրբեջանական համայնքը նաև իր անունից բանակցություններ վարելու մանդատ է տվել:
<Բանակցային գործընթացում Արցախի ներգրավման բոլոր նախադրյալները կան: Ներկայումս քննարկումներ են ընթանում այդ ներգրավման ձևերի և մեթոդների շուրջ, որոնք կքննարկվեն միջազգային մեր գործընկերների հետ>,- ընդգծել է կառավարության ղեկավարը: