Արմինֆո. Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելը սպառնալիքներ է ստեղծելու մեր ազգային շահերի ու անվտանգության համար: Այդ մասին ասվում է Սասնա Ծռեր համահայկական կուսակցության
քարտուղարության հայտարարությունում:
«Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) նախօրեին ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն: Սիրիայում Ռուսաստանի ռազմաքաղաքական միջամտության շրջանակներում և նրա հովանու ներքո իրականացվող այս ձեռնարկման վերաբերյալ մեր նախորդ հայտարարության մեջ մտահոգություն էինք հայտնել, որ Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելը սպառնալիքներ է ստեղծելու մեր ազգային շահերի ու անվտանգության համար և ՀՀ կառավարությանը հորդորել էինք ձեռնպահ մնալ դրանից: Առայժմ ստիպված ենք ցավով փաստել, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն անտեսում է Ռուսաստանից Հայաստանի գաղութային կախյալության հաղթահարման և նրա հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու կենսական անհրաժեշտությունը և շարունակում է Ռուսաստանի գաղութային վարչակազմի վերածված նախորդ ռեժիմի արտաքին քաղաքականությունը, ինչի հետևանքով էլ ավելի է մոտենում արտաքին հարաբերությունների ասպարեզում ինքնուրույնությունից հրաժարվելու աղետալի կետին՚, - ասվում է հայտարարությունում:
Հայաստանի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդման համաձայն հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: «Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 թվականի № 2393 և 2018 թվականի № 2401 բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը՚, - ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
«Ազատության՚ հետ զրույցում պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն, իր հերթին, հաղորդել է, որ Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելը միայն հայկական կողմի նախաձեռնությունն է, որին լոգիստիկ օժանակություն է ցուցաբերել Ռուսաստանը: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու, ինչից հետո հայտարարվեց Սիրիա առաքելություն ուղարկելու որոշման մասին: Ի պատասխան այն դիտողությանը, որ այդ որոշումը կարող է աշխարհաքաղաքական առումով խնդիրներ հարուցել Հայաստանի համար, պաշտպանության փոխնախարարը հայտարարել է, թե բոլոր կողմ և դեմ կարծիքները հաշվի են առնվել, և քաղաքական որոշումն արդեն իսկ կայացված է: